Մերձավոր Արևելք

Իսրայելական բանակը հետ է քաշվել հարավային Լիբանանից՝ բացառությամբ հինգ «ռազմավարական կետերի»

2 րոպեի ընթերցում

Իսրայելական բանակը հետ է քաշվել հարավային Լիբանանից՝ բացառությամբ հինգ «ռազմավարական կետերի»

Լիբանանյան բանակի ստորաբաժանումները մուտք են գործել երկրի հարավային շրջաններ, որտեղից  հրադադարի համաձայնագրի համաձայն՝ դուրս են եկել իսրայելական ուժերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ 

Լիբանանյան բանակը մտել է հարավային Լիբանանի կենտրոնական և արևելյան հատվածներ՝ Մհայբիբ, Մեյս ալ-Ջաբալ, Բլիդա, Հուլա և Մարքաբա։

Իր հերթին Իսրայելի հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հաստատել է, որ իսրայելական բանակը հետ է քաշվել հարավային Լիբանանից, բացառությամբ 5 հատվածների։ Տեղեկություններ կան, որ իսրայելական ուժերը տեղակայվել են Ջաբալ Բլատում՝ հարավային Լիբանանի արևմտյան հատվածում: 

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ իր ուժերը դուրս են գալու լիբանանյան տարածքից, բացառությամբ 5 ռազմավարական կետերի, որտեղ նրանք կմնան անորոշ ժամանակով։

Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները երկուսուկես ամիս աշխատել են հարավային Լիբանանում ցամաքային գործողության ընթացքում առավելագույն ձեռքբերումների հասնելու համար: Խուզարկվել են «շփման գծում գտնվող տարածքներում «Հեզբոլլահ»-ին պատկանող տների և ենթակառուցվածքների մեծ մասը»: Նաև նշվել է, որ Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող լիբանանյան բոլոր շրջաններն այժմ հիմնականում զերծ են զենքից, իսկ «Հեզբոլլահ»-ի ռազմական ենթակառուցվածքները ոչնչացված են։

Լիբանանյան «Հեզբոլլահ»-ի և իսրայելական բանակի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 27-ից երկու կողմերի միջև ամիսներ շարունակվող ռազմական գործողություններից հետո, որոնք սկսվել էին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում ընթացող պատերազմին զուգահեռ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում