Մերձավոր Արևելք

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին՝ սպանելով ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին՝ սպանելով ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքի շրջանին, որի հետևանքով սպանվել է Լիբանանում ՀԱՄԱՍ-ի օպերատիվ վարչության ղեկավար Մուհամմեդ Շահինը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik Arabic-ը։

Իսրայելական պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր  հերթին հայտարարել է, որ թիրախավորել է լիբանանյան «Հեզբոլլահ»-ի մարտական ​​տեխնիկա պարունակող մի քանի օբյեկտներ։ 

Հայտարարության համաձայն՝ «Հեզբոլլահ»-ի գործողությունները թիրախավորված վայրերում հանդիսանում են Լիբանանի հետ պայմանավորվածության խախտում։ ԻՊԲ-ն ընդգծել է, որ Իսրայելը կշարունակի վերացնել իր համար ցանկացած սպառնալիք։

Այս հարձակումներից առաջ լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Քասեմը հայտարարել էր, որ «Իսրայելի համար ոչ մի արդարացում չկա հարավային Լիբանանում մնալու համար»: Նա մատնանշել էր, որ «ոչ ոք չի կարող արգելել լիբանանցիներին պաշտպանել իրենց հողը և դիմադրել բռնազավթողին, և դա Լիբանանի սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է»։ 

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը «Հեզբոլլահ»-ին մեղադրել էր հրեական պետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր արձակելու մեջ։ Կացի հայտարարությունից հետո իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդներից Աբբաս Ահմադ Համուդին, որը պատասխանատու էր Իսրայելի վրա ԱԹՍ-ների արձակման համար։ 

Լիբանանյան «Հեզբոլլահ»-ի և իսրայելական բանակի միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 27-ից երկու կողմերի միջև ամիսներ շարունակ ռազմական գործողություններից հետո։ Այս ընթացքում հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր են գրանցվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում