Եվրոպա

Ռումինիայում Սենատի ղեկավարը պաշտոնապես ստանձնել է երկրի ժամանակավոր նախագահի լիազորությունները

2 րոպեի ընթերցում

Ռումինիայում Սենատի ղեկավարը պաշտոնապես ստանձնել է երկրի ժամանակավոր նախագահի լիազորությունները

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հրաժարականից հետո Սենատի ղեկավար Իլիե Բոլոժանը պաշտոնապես ստանձնել է երկրի ժամանակավոր նախագահի լիազորությունները: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականից։ 

Լիազորությունների փոխանցման արարողությունը փետրվարի 12-ի ժամը 12:00-ին տեղի է ունեցել «Կոտրոչեն» պալատում՝ նախագահի պաշտոնական նստավայրում։ Իլիե Բոլոժանը, որը մինչ այժմ Սենատի նախագահն էր և Ազգային ազատական ​​կուսակցության ժամանակավոր առաջնորդը, հրաժարական տված Կլաուս Յոհանիսից ընդունել է լիազորությունները։

Արարողությունից հետո Յոհանիսը հեռացել է «Կոտրոչեն» պալատից։

Փետրվարի 10-ին Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, որի նախագահական ժամկետը պաշտոնապես ավարտվել էր 2024 թ. դեկտեմբերին, հայտարարեց, որ հրաժարական է տալիս իր պաշտոնի շուրջ ճգնաժամը չբորբոքելու համար։

Հաջորդ օրը Սահմանադրական դատարանն ընդունեց նրա հրաժարականը և որոշում կայացրեց Իլիե Բոլոժանին նշանակել պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

Ի սկզբանե ակնկալվում էր, որ Յոհանիսը պաշտոնում կմնա մինչև փոխարինողի ընտրությունը 2025 թ. մայիսին նշանակված ընտրություններում:

Յոհանիսի հրաժարականի պահանջ էին ներկայացնում ծայրահեղ աջ թեկնածու Կելին Ջորջեսկուն և ծայրահեղ աջ «Հանուն ռումինացիների միավորման դաշինքի» կողմնակիցները։

Ռումինիայում նախագահական ընտրությունները կայացել են 2024 թ. նոյեմբերի 24-ին, սակայն թեկնածուներից ոչ մեկը չէր ստացել բացարձակ մեծամասնություն։ Ընտրությունների երկրորդ փուլը պետք է կայանար դեկտեմբերի 8-ին, սակայն Սահմանադրական դատարանը չեղարկել էր ընտրությունները՝ դա բացատրելով ռուսական ազդեցությամբ ընտրությունների առաջին փուլի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում