Եվրոպա

Սլովակիան դեմ է ՌԴ տարածքին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների սահմանափակումների վերացմանը. POLITICO

2 րոպեի ընթերցում

Սլովակիան դեմ է ՌԴ տարածքին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների սահմանափակումների վերացմանը. POLITICO

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիան հավանություն չի տալիս եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի կոչերին՝ վերացնելու Ռուսաստանի տարածքին արևմտյան զենքով Ուկրաինայի զինված ուժերի հարվածների բոլոր սահմանափակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է POLITICO-ն՝ վկայակոչելով մի եվրոպացի դիվանագետի։

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ Լատվիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Ֆրանսիան և Շվեդիան կողմ են արտահայտվել այն բանին, որ Կիևն այդ հարցում քարտ բլանշ ստանա։ Ընդ որում, նրանցից ոմանք նշել են, որ միջազգային իրավունքը չի արգելում որևէ երկրի մտնել ագրեսոր երկրի տարածք՝ ինքնապաշտպանության համար։

Օգոստոսի 29-ին Բորելը կոչ է արել Կիևին տրամադրել ավելի շատ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցներ, ինչպես նաև վերացնել Ռուսաստանին արևմտյան զենքով հարվածների բոլոր սահմանափակումները։ 

Հունգարիան իր հերթին դեմ է արտահայտվել Ուկրաինային ավելի շատ զենքերի մատակարարմանը։ Երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն սոցցանցերում գրել է, որ Բուդապեշտը չի ցանկանում նոր զոհեր, ինչպես նաև հակամարտության սրում։

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Կուրսկի մարզ են ներխուժել օգոստոսի 6-ին։ Մարզում գործում է դաշնային բնույթի արտակարգ դրության ռեժիմ, և բազմիցս հայտարարվել է հրթիռային վտանգ: Սահմանամերձ շրջանների բնակիչներին տարհանում են անվտանգ տարածքներ: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին օգոստոսի 27-ին հայտարարել է, որ Կուրսկի մարզ ներխուժման երեք շաբաթների ընթացքում ուկրաինական ուժերի վերահսկողության տակ է անցել մարզի 100 բնակավայր, ինչպես նաև 1294 քառ. կմ տարածք։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում