Մշակույթ

Այն սերն ու էներգիան, որը ստացա երևանյան մենահամերգից, մի քանի տարի կհերիքեն ինձ. Լիպարիտ Ավետիսյան

18 րոպեի ընթերցում

Այն սերն ու էներգիան, որը ստացա երևանյան մենահամերգից, մի քանի տարի կհերիքեն ինձ. Լիպարիտ Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար երգիչ Լիպարիտ Ավետիսյանն իր յուրահատուկ, զրնգուն, գեղեցիկ ձայնով դեռ վաղ հասակում նվաճել է ոչ միայն հայ, այլև համաշխարհային բեմերը։ Նրան հրավիրում են երգելու ամենահեղինակավոր համերգասրահներում, կատարելու ամենասիրված ու սպասված օպերային դերերգերը, երբեմն նմանեցնում են Լուչանո Պավարոտտիին և շնորհակալություն հայտնում պայծառ, արևոտ լինելու համար։ 

Ավետիսյանը, որ հաճախ է բացակայում հայրենիքից, ամռան թեժ ամիսներին Երևանում էր և տեղի երկրպագուներին մեծ բավականություն պատճառեց թե՛ օպերային ներկայացումներում զբաղվածությամբ, թե՛ մենահամերգով։

Ներկա լինելով «Բոհեմ» օպերայի համերգային կատարմանը, ևս մեկ անգամ առնչվելով արտիստի տաղանդին՝ «Արմենպրես»-ի թղթակիցը որոշեց զրուցել երգչի հետ՝ ընթերցողներին ծանոթացնելու նրա անցած ճանապարհին, նվաճումներին, ծրագրերին։

- Ծնվել եք Երևանում, սակայն Ուկրաինայում, այնուհետև՝ Ռուսաստանում եք ծանոթացել երաժշտարվեստին։ Ինչպե՞ս պատահեց, որ Ձեզ հետաքրքրեցին երաժշտությունը, երգը, օպերան։

- Ձայնս ժառանգել եմ հորական կողմից: Հարազատներիցս որևէ մեկը պրոֆեսիոնալ երաժիշտ չի եղել, սակայն օժտված էին տաղանդով, գեղեցիկ ձայներ ունեին։ Կարծում եմ՝ հենց նրանց շնորհիվ է հետաքրքրություն, սեր ծնվել դեպի երգեցողությունը։ Տանն աշխատելիս հայրս պարտադիր քթի տակ երգում էր։ Խնջույքների ժամանակ հորս ընկերները պարտադիր նրան խնդրում էին մի գեղեցիկ երգ կատարել, նա էլ ժողովրդական երգեր էր երգում։ Երգելը մեր ընտանիքում սովորական բան էր, բայց մի օր մայրս ինձ որոշեց երաժշտական դպրոց տանել: Բախտի բերմամբ հայտնվեցի մի ուսուցչուհու մոտ, որ ավարտել էր Օդեսայի կոնսերվատորիայի վոկալ բաժինը։ Իմ սերը դեպի դասական արվեստ, դեպի օպերա սերմանեց նա։

Միշտ եմ սիրել բեմը, սիրել եմ լինել ուշադրության կենտրոնում, սիրել եմ ասմունքել, պարել, երգել, այն ամենն, ինչ կապված է երգի հետ։ Գնում էի թատերական խմբակ, որտեղ շատ ակտիվ էի։ Ուսուցչուհին, իմանալով, որ հայ եմ, բեմադրեց Թումանյանի  «Կիկոսի մահը»։ Ծանոթանալով օպերային ժանրին՝ տեսա, որ այդտեղ կարող եմ համադրել երգեցողությունն ու դերասանական խաղը։ Այդպես ընտրեցի օպերային արվեստը։

Զբաղվել եմ նաև պրոֆեսիոնալ պարով, ունեցել եմ հաջողություններ, բայց շատ կտրուկ ու սկզբունքային եմ եղել միշտ, և այնպես ստացվեց, որ հրաժարվեցի պարից: Սակայն հիմա շատ երջանիկ եմ, որովհետև, երբ որոշ բեմադրություններում առաջարկում եմ պարային հատվածներ մտցնել, բոլորը ողջունում են։

- Կան երաժիշտներ, որոնք Հայաստանում կրթություն ստանալուց հետո ձգտում են իրենց հմտությունները կատարելագործել արտերկրում։ Ձեր պարագայում հակառակ պատկերն է. Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայից հետո որոշեցիք կրթությունը շարունակել հայրենիքում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ինչո՞ւ։

- Շատ շնորհակալ եմ Աստծուն, որովհետև, երբ հետ եմ նայում ու տեսնում եմ, թե ինչ ճանապարհ եմ անցել, զգում եմ, որ ոչինչ հենց այնպես չի լինում։ Մոսկվան ինձ համար կյանքի դաս էր։ Ընդամենը 16 տարեկան էի, երբ մեկնեցի Մոսկվա, որտեղ ապրում էի մենակ և ընտելանում էի կյանքին։ Երբ քայլում էի Մոսկվայի կոնսերվատորիայում, չէի հավատում, որ սովորելու եմ այդտեղ։ Հին վերելակը, որ ուներ փայտե դռներ, ձեռքի աշխատանք էր։ Այդ վերելակից օգտվել էին մեծն Չայկովսկին, Գլինկան և այլ ականավոր մարդիկ։ Այդ շունչը զգալով՝ հասկանում ես, թե որտեղ ես, ինչը ոգևորիչ է, պարտավորեցնող։ Չէի հավատում, որ հնարավորություն ունեմ դիպչել այդ պատերին, գործիքներին, որոնցից այդ լեգենդներն են օգտվել, և ստեղծագործել այդ դասարաններում։ Երբ վարդագույն ակնոցը հանեցի, բախվեցի իրականությանը, տեսա, որ այդ ամենը կարևոր է, սակայն ընդամենը բուհ է, որտեղ պետք է «կրծել գրանիտը» լավ մասնագետ դառնալու համար և քաղել այն ամենն, ինչ հնարավոր է։ 2, 5 տարի սովորեցի այնտեղ. բուռն էր, հետաքրքիր էր։ Այն առարկաները, որ անցնում էինք, այն հնարավորությունները, որ կային այնտեղ, մեր կոնսերվատորիան, ավաղ, չունի, բայց հույս ունեմ, որ մի օր կգանք դրան։ Միշտ ասում են՝ սովորողը սովորում է, բայց կարելի է հեշտացնել նրանց կյանքը։ Մոսկվայում ամեն ինչ արվում է ուսանողի համար, որ սովորի, ավելին իմանա, հնարավորություն ունենա լսելու, տեսնելու, համեմատելու, ոչ միայն կարդալու և պատկերներ գծելու։ Այդ ամենը կարևոր է ճաշակը զարգացնելու համար։ 

Ինձ համար տպավորիչ էր ծանոթությունը Գեղամ Գրիգորյանի հետ։ Լսել էի նրա մասին, բայց չէի ունկնդրել կատարումները։ Անցնում էինք Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերան։ Ուսուցիչը խորհուրդ տվեց ուսումնասիրել այն։ Մտա գրադարան և ինձ առաջարկեցին ընտրություն կատարել բազմաթիվ դիրիժորների, նվագախմբերի և թատրոնների միջև։ Զարմացած էի։ Ցանկում կարդացի Գեղամ Գրիգորյանի անունն ու խնդրեցի նրա կատարումն ինձ տալ։ Առաջին անգամ լսեցի նրան, կատարում էր Գերմանի դերերգը։ Հրաշալի էր։

- Վստահաբար Երևանի կոնսերվատորիայում նկատել են Ձեր տաղանդը, ճաշակը և սատարել Ձեզ։

- Շատ կարևոր է դասախոսը։ Նա ինձ համար սրբություն է։ Երբ  ստեղծագործում ես, պետք է հավատաս այն մարդուն, որ կանգնած է քո դիմաց և ուղղություն է ցույց տալիս։ Անշոշափելի կախարդական բան է տեղի ունենում այդ ժամանակ, և հավատում ես ու հասկանում նրա ամեն ասածը։ Միայն այդ ժամանակ կարող է ճիշտ ստեղծագործական շունչ լինել, որը լուրջ արդյունք է տալիս։

- Ո՞վ հավատաց Ձեզ և ո՞ւմ հավատացիք Դուք։

- Մի առիթով ունկնդրեցի օպերային երգիչ Արսեն Սողոմոնյանի կատարումները։ Հավանեցի նրա երգեցողությունը։ Ծանոթացա նրա հետ ու հարցրի, թե որտեղ է սովորել։ Պարզվեց՝ Երևանում։ Իմացա դասախոսի անուն ազգանունն ու եկա Երևան՝ ծանոթանալու Ռաֆայել Հակոբյանցի հետ։ Հիշում եմ՝ հունվարի 6-ն էր, նստած էինք Երևանի կոնսերվատորիայի ցուրտ, մութ ճեմասրահում։ Եկավ Ռաֆայել Հակոբյանցն ու ասաց. «Բալա ջան, խնդրում եմ շոկի մեջ չընկնես»։  Բարձրացանք 321 դասարան։ Տասնհինգ րոպե անց հասկացա, որ նա այն մարդն է, որից ցանկանում եմ սովորել, որից շատ բան կարող եմ քաղել։ Այդ օրվանից 321 դասարանը դարձավ իմ կոնսերվատորիան։

- Այցելո՞ւմ եք երբեմն այնտեղ։

- Անշուշտ, բայց ոչ հաճախ, որովհետև շատ դժվար է։ Հակոբյանցն այլևս չկա, և այդ դասարանն ինձ համար շատ դատարկ է հիմա։

- Հայաստանում Ձեր առաջ բացվեցին Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի դռները։ Հիշո՞ւմ եք առաջին մուտքը թատրոն, առաջին դերերգը։

- Հենց այս սրահում էինք մաեստրո Դուրգարյանի հետ։ Սարոյի դերերգն այստեղ կանգնած երգեցի։ Կարեն Դուրգարյանն ինձ լսելուց հետո ասաց, որ հաջորդ «Անուշ» ներկայացման մեջ ես եմ երգելու Սարոյի դերերգը, սակայն չստացվեց։ Սարոյի դերերգը կատարեց մեր երգիչներից Կարոն, որ ծառայում էր։ Նրա համար բանակից քաղաք գալու հնարավորություն էր ներկայացմանը երգելը։ Հակոբյանցն ասաց՝ թող այս անգամ Կարոն երգի, հետո՝ դու։ Այդ օրը խաչեղբայր երգեցի։ Հետո Սարո շատ եմ կատարել։

- Մեր օպերային թատրոնի բեմում հանդես եք եկել նաև Ձեր կնոջ՝ Ալինա Փահլևանյանի հետ։ Երբ բեմում սիրելի էակն է, ինչ-որ բան փոխվո՞ւմ է։

- Հաճախ եմ երգել նրա հետ։ Այդ ժամանակ սարսափ է տեղի ունենում։ Միշտ ասել եմ՝ տասը ներկայացում երգեմ, այդքան էներգիա և նյարդ չեմ ծախսի, որքան մի ներկայացում՝ Ալինայի հետ։ Երբ նրա հետ եմ, առավել ուշադիր եմ, անհանգիստ, մտածում եմ՝ հանկարծ չսայթաքի, չընկնի, չվնասվի։ Հիշում եմ՝ մի անգամ դահլիճում նստած էի, չէի խաղում, սակայն ինֆարկտ էի ստանում։ «Արշակ Երկրորդ» օպերան էր ընթանում, որում Ալինան Օլիմպիային էր մարմնավորում, և տեսնում էի, որ հատակին անհարթություն կա, որի պատճառով արտիստներից ոմանք սայթաքեցին։ Ալինան էլ փոքրիկի էր սպասում։ Շատ ծանր տարա այդ ներկայացումը։ Բարեբախտաբար, Ալինան չընկավ։

- Իսկ Ալինան հիմնականում Ձեզ գովեստի՞ խոսքեր է ասում, թե՞ քննադատում։ 

- Նա իմ ամենապահանջկոտ քննադատն է, ինչի համար շնորհակալ եմ։ Ռաֆայել Հակոբիչից հետո Ալինան է պահպանում ուղղությունը։ Եթե երգում եմ, կասկածում եմ՝ լավ է, թե վատ, ձայնագրում եմ, ուղարկում նրան ու հարցնում կարծիքը։ Նա իմ «ականջներն» է։ 

Ունենք երեք երեխա և ամեն անգամ չէ, որ Ալինան կարողանում է ներկա լինել իմ փորձերին, սակայն օրեր առաջ, երբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Բոհեմ» օպերայի համերգային տարբերակն էինք ներկայացնում, կինս դահլիճում էր։ Ռուդոլֆո էի երգում։ Կա մի դրվագ, երբ հերոսուհիներից մեկին՝ Միմիին խնդրում եմ, որ խոսի։ Այդ ընթացքում պետք է նրան նայեմ, բայց նայեցի դահլիճում նստած Ալինային ու  հայացքով հարցրի արդյոք դո նոտան լա՞վ էի վերցրել։ Նա դրական գնահատեց, նոր առաջ գնացինք։

- Հետաքրքիր է, օպերային արվեստի ներկայացուցիչներն ազատություն ունե՞ն բեմում, թե՞ կան կաղապարներ, որոնցից չի կարելի դուրս գալ։

- Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստ պետք է ունենա ազատություն։ Կան բեմադրիչներ, որոնք այնքան էլ պրոֆեսիոնալ չեն ու ազատություն չեն տալիս երգչին։ Ինչպես էլ նկարես, պատկերացնես բեմադրությունը, միևնույն է այդ պահին հերոսի կյանքը տվյալ արտիստն է վերապրում, նրա սրտի բաբախյունն է լսվում։ Կան բեմադրական լուծումներ, որոնց պետք է հետևել, բայց կերպարային առումով լավ արտիստներին միշտ էլ տալիս են ազատություն։ Եթե բեմադրիչը տեսնում է, որ երգիչը դատարկ չէ, կարդացել է, գիտի, զգացմունքային է, պլաստիկ է, ռեալիստիկ, հնարավորություն տալիս է։ Մեր դարաշրջանն անցել է այն օպերային արվեստը, որ մենք կոչում ենք  «օպերա օպերովնա». պետք է լինի իրատեսական, քանի որ այն կյանքը, որը ներկայացնում ենք, իրական է։ Օպերայի մեծությունը հենց դրանում է, որ բոլոր պատմություններն ակտուալ են նաև հիմա՝ Կարմեն, Տոսկա և այլն։ 

- Լավագույն օպերային ներկայացումներում եք զբաղված, երգում եք լավագույն դերերգերը։ Որո՞նք են Ձեզ համար առանձնահատուկ։ Կա՞ դերերգ, որ երազում եք կատարել։

- Ամեն դեր ինձ հարազատ է։ Եթե մոտենում ես մի կերպարի, եթե կերտում ես նրան, չես կարող անտարբեր լինել նրա հանդեպ, որովհետև սկսում ես վերապրել նրա կյանքը, ապրել այդ հերոսի խնդիրներով, նրա սիրով, նա դառնում է մեր մի մասնիկը։ Կան դերեր, որոնք կատարողական առումով շատ շահավետ են, կան դերեր, որ տեխնիկապես բարդ են, բայց այնքան էլ շահավետ չեն։ Նման դերերին անվանում ենք անարդար դերեր, որովհետև ծանրությունը մեծ է, կատարելը բարդ է, սակայն մենք գիտենք, որ պրոֆեսիոնալ հանդիսատեսը դա գնահատում է։  Օրինակ՝ Տամինոյի և  Պամինայի դերերգերը Մոցարտի «Կախարդական սինգ» օպերայում։ Դրանք բարդագույն դերեր են։ Այդ կերպարներն ամբողջ օպերան տանում են իրենց ուսերին, բայց բեմ է դուրս գալիս Գիշերային թագուհին, և բոլոր ծափահարությունները նրան են հասնում։ Իսկ Պուչինիի «Բոհեմ» օպերայում Ռուդոլֆո ես երգում, և ամբողջ դահլիճը քոնն է։ ԱՄՆ-ում շատ հաճախ հանդես եմ եկել Վերդիի «Ռիգոլետո» օպերայում և մարմնավորել եմ կոմսին։ Նա բացասական կերպար է, և հանդիսատեսը նրա ելույթի ժամանակ «բու» է վանկարկում։ Ինձ զգուշացրել էին այդ մասին՝ ասելով, որ այդ վանկարկումները երգչի հետ կապ չունեն, կերպարին են ուղղված։ Վախեցած դուրս եկա բեմ և այդ «բու»-ն լսեցի, սակայն ծափահարություններն ավելի շատ էին։

- Առհասարակ ի՞նչ հեռանկարներ են Ձեր առաջ բացել միջազգային բեմերը։

- Իմ գործունեությունն իննսունութ տոկոսով արտերկրում է ծավալվում։ Այնտեղ իմ երգացանկն ավելի մեծ է, քանի որ հնարավորություններն ավելի շատ են, տարբեր թատրոններում եմ երգում։ Արտերկրում երգում եմ Ֆաուստ՝ «Ֆաուստ» օպերայից, Էդգարդո՝ «Լյուչիա դի Լամերմուր» օպերայից, Էռնեստո՝ «Դոն Պասկուալե» օպերայից, Ալմավիվա՝ «Սևիլյան սափրիչ» օպերայից, Նեմորինո՝ «Սիրո ըմպելիք» օպերայից, Լենսկի «Եվգենի Օնեգին» օպերայից և այլն։ Այդ օպերաների մեծ մասը երևանյան խաղացանկում չկա։

- Այնուամենայնիվ վերադառնում եք Հայաստան։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում հայրենիքում։ Ձեր մենահամերգին, «Բոհեմ»-ի համերգային կատարմանը հանդիսատեսը չէր ցանկանում Ձեզ բաց թողնել։

- Տուն է, սա մեր տունն է։ Ինչպես ծնողներին չեն ընտրում, այնպես էլ՝ տունը։ Ինչ էլ լինի, որքան էլ դժվար կամ ցավոտ լինեն որոշ բաներ, Հայաստանը մեր տունն է։ Մենք փորձում ենք ամեն բան անել, որ լավ լինի։ Հրաշալի էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ «Բոհեմ»-ը, օպերային թատրոնում «Բոհեմ»-ի բեմադրությունը։ Բոլորը ոգեշնչված էին, ինչը կարևոր է արտիստների համար, բոլորը ցանկանում էին ստեղծագործել, նոր բան անել, ինչի համար ջանք էին գործադրում, որը հետագայում լավ արդյունքի կբերի: Բայց դա պետք է հաճախ լինի։ Երբ այդ շունչը կորում է, և մենք դառնում ենք ժամանակացույցով երգող գործարանի աշխատակիցներ, անգամ ամենալավ երաժիշտը գունաթափ է լինում։ 

Իսկ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ինձ համար չի տարբերվում արտասահմանյան լավագույն նվագախմբերից, և նվագախմբի հետ «Բոհեմ»-ի համերգային կատարումը մեծ տոն էր բոլորիս համար։ 

Հաճելի է, որ շատ երիտասարդներ են ինձ գրում, ասում, որ բացահայտում եմ իրենց համար։ Վստահ կարող եմ բոլորիս անունից ասել, որ հայրենիքում երգելը, հատկապես, երբ հաճախ ես արտերկրում լինում՝ շատ բարդ է, շատ պատասխանատու, սթրեսային ու դժվար։ Արտերկրում հանդիսատեսը թատրոն է գնում՝ վայելելու, ընթացքում տալիս է իր գնահատականը, իսկ մեր ունկնդիրն ի սկզբանե թատրոն է գնում քննադատելու։ Քննադատում են օտար երկրում հաջողության հասած արտիստին, փորձում հասկանալ՝ նա արժանի է այդ ամենին, թե ոչ։ Միայն քննադատելուց հետո են որոշում՝ հավանում են, թե ոչ: Սակայն կա հանդիսատեսի մեծ մաս, որին շատ շնորհակալ եմ։ Երևանյան մենահամերգին այնքան էի հուզվել, որ չէի կարողանում անգամ խոսել, երգել բիսերը, այնքան սեր ժողովուրդն ինձ փոխանցեց, աննկարագրելի էր։ Այդ պահին մոռացա այն դժվարությունները, որոնց միջով մենք անցնում ենք մեր երկրում, հասկացա, թե ինչքան են ինձ սիրում, գնահատում և արժևորեցի իմ աշխատանքը, քանի որ տեսնում էի, թե ինչքան բան եմ փոխել այդ վեց հարյուր մարդու մեջ։ Այդ սերն ու էներգիան մի քանի տարի կհերիքեն ինձ։

- Իսկ առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան, ի՞նչ առաջարկներ, պայմանավորվածություններ։

- Մինչև 2028 թվականն արդեն որոշ ծրագրեր պարզ են։  Իմ սիրած թատրոններից մեկում՝ Զեմպերօպեր Դրեզդենում եմ հանդես գալու։ Այն աշխարհի հնագույն թատրոններից է, անկրկնելի նվագախումբ ունի։ Այդ թատրոնում հրաշալի ակուստիկա է, և կարող ես ձայնիդ բոլոր գույները ցույց տալ։ Այս տարի մայիսին այնտեղ Ռոմեո եմ երգելու Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» օպերայում։  Տեքստերի վրա ենք աշխատում իմ սիրելի ընկերոջ՝ Սերինե Թադևոսյանի հետ։ Ինձ համար նոր դեր կլինի Մակդուֆը՝ «Մակբեթ» օպերայից, իսկ հաջորդ տարի Ռիկարդո եմ երգելու «Պարահանդես-դիմակահանդես» օպերայում։ Այս տարի Վիեննայում ևս ելույթ եմ ունենալու և երգելու եմ «Բոհեմ»-ում։

- Շնորհակալ եմ Ձեզ այն գեղեցկության համար, որ նվիրում եք մեզ։ Վստահ եմ, որ անգամ այն մարդիկ, որոնք հեռու են օպերային արվեստից, սակայն ինչ-որ կերպ հայտնվում են թատրոնում և ունկնդրում են Ձեզ, փոխվում են. փոխվում է նրանց տրամադրությունը, գուցե՝ աշխարհայացքը։ Նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում։

-Ես եմ շնորհակալ։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարիչ՝ Հայկ Հարությունյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում