Մշակույթ

Բանաստեղծ լինելը սփոփանքի պես է. կարիք չկա որևէ բան խմելու, դու արդեն հարբած ես. Հայկ Սիրունյան

15 րոպեի ընթերցում

Բանաստեղծ լինելը սփոփանքի պես է. կարիք չկա որևէ բան խմելու, դու արդեն հարբած ես. Հայկ Սիրունյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ գրող Հայկ Սիրունյանը թե՛ իր բանաստեղծություններով, թե՛ պատմվածքներով կարողանում է հասնել ընթերցողների սրտին. խոսում է իր ապրումների, զգացողությունների մասին, բայց իրականում անդրադառնում է համամարդկային արժեքների՝ սեր, հայրենիք, անհատ, մարդ, հասարակություն և այլն։ Սիրունյանը, որին ընթերցողների լայն շրջանակը ճանաչեց «Ադամամութ» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուով, օրերս լույս է ընծայել «Ինձ թողեք այստեղ» գիրքը։ Այն չափով հարմար է գրպանում պահելու, պարբերաբար գրողի և սեփական աշխարհը բացահայտելու համար։

«Արմենպրես»-ի թղթակիցը այս անգամ ևս առիթը բաց չի թողել և Հայկ Սիրունյանի հետ  զրուցել է գրականության, հեղինակի մտորումների և անելիքների մասին։

-Հանդիպեցինք 2021-ին, երբ լույս տեսավ Ձեր «Ադամամութ» բանաստեղծությունների ժողովածուն։ Հետո  հրատարակեցիք «Չոր ապրիլ» պատմվածքների ժողովածուն, այժմ ընթերցողներին կրկին բանաստեղծություններով եք ներկայանում՝ նրանց դատին հանձնելով «Ինձ թողեք այստեղ» ժողովածուն։ Կխնդրեմ խոսել այդ անցումների մասին, և, եթե նախորդ գրքերում հանդիպում ենք փոթորկուն Հայկին, նրա հույզերի, ապրումների տարափին, ի՞նչ կգտնենք այս ժողովածուում։

-Կարելի է ասել, որ քիչ թե շատ ինձ ճանաչում եք ու կարող եք կասկած չունենալ, որ իմ բնավորությունը լավագույնս կարող է ներկայացված լինել այս ժողովածուում։ Բանաստեղծության մարդ եմ, պոեզիայի, մեղեդու մարդ եմ։ Երբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ  իմ առաջին ժողովածուում կան գործեր, որոնք հիմա չէի ներառի, բայց դա էլ է պետք, դա էլ է աստիճանի մի մասը, որ պետք է բարձրանալ, հաղթահարել։ Սիրում եմ արձակ ժանրում գրել այն պատմությունը, որն ուզում եմ՝ մարդիկ լսեն, կարդան։ Ինձ համար չկան պատնեշներ։ Տեսնում ես, թե ինչի կարիք ունի ընթերցողը, ինչով կարող ես հարստացնել գրականությունը։ Հիմա էլ գրում եմ պատմվածքներ, որոնք կհրատարակվեն առաջիկայում։ Թվում է՝ մեկ պոեզիա եմ հրատարակում, հետո՝ արձակ, հետո նորից պոեզիա։ Սա հատուկ չի արվում։ Կարծում եմ՝ գրողն իր առաջ պետք է  խնդիր դնի և հասկանա, թե ինչ բաց կա տվյալ շրջանի գրականության մեջ, թե ինչով կարելի է զբաղվել։ Մեր մեծ գրողները նման խնդիր դնում էին իրենց առաջ։ Տեսնում էին՝ կա մանկագրության պակաս, դա էին առաջնային համարում, կա դրամատուրգիայի, արձակի կամ փորձարարական գրականության պակաս, լրացնում էին այդ բացը։ Պետք է տեսնել  գրական դաշտը։

-Իսկ ի՞նչ հնարավորություններ են գրողին տալիս արձակն ու պոեզիան։

-Անհատական է։ Մեկը վերնաշապիկով իրեն հանգիստ է զգում, մյուսը՝ ոչ, մեկը փողկապ է սիրում, մյուսը չի սիրում։ Բնավ պարտադիր չէ, որ բոլորը վեպ գրեն։ Հիշեցի Վիլյամ Սարոյանի հայտնի խոսքը, որ պետք է նաև մրցանակ ստեղծել այն գրողների համար, որոնք չեն հրատարակում գիրք ու փրկում են աշխարհը ևս մեկ վատ գրքից։ Մարդը պետք է զբաղվի նրանով, ինչն իրեն տրված է։ Մեր պոետները հրաշալի արձակ գործեր ունեին և պետք է գրեին։ Ե՛վ Իսահակյանը, և՛ Թումանյանը, և՛ Չարենցը, հետո Սևակը գրեցին արձակ։ Ցավոք, Սևակի արձակն անավարտ մնաց։ Էական չէ,  թե ինչ ժանրում ես գրում, կարևորը՝ լավ բան գրես, արժեք թողնես երկրիդ, ժողովրդիդ։ Վարուժանն ասում էր՝ եթե մեկ հաջող բանաստեղծություն գրի, իր ժողովուրդը չի փոշմանի, որ իր պես արարած է ծնել, իսկ Իսահակյանն ասում էր՝ եթե  իրենից հարյուր տարի հետո իր հինգ կամ յոթ բանաստեղծություն հիշեն, ուրեմն հաջողել է։ Էական չէ, թե որ ստեղծագործությամբ քեզ կհիշեն, կարևորը քեզնից հետո ինչ-որ բան թողնելն է, էական չէ կլինի մանր պատմվածք, վեպ, թե պոեզիա... Ոչ ոք չի կարող ասել, որ քառյակը պակաս կարևոր է, քան վեպը։ Թումանյանի մի քառյակը չեմ փոխի հազար ու մի վեպի հետ։

-Խոսեցիք երկրի մասին։ «Ինձ թողեք այստեղ» ժողովածուում ամփոփված են «Քաղաք-Երևան», «Հայրենիք-Հայաստան», «Մարդ-բարեկամ» և «Սեր-սիրուն» շարքերը:

-Շարքերի բաժանումը կատարել է գրքի  կազմող Սևակ Ղազարյանը։ Գրքի խմբագիրը Խաչիկ Մանուկյանն է, որն իմ շատ սիրելի պոետներից մեկն է և որի հետ հոգևոր կապ կա։ Սիրում եմ Երևանը և նյարդ առ նյարդ կապված եմ Երևանի հետ։ Հավանաբար, պետք է հազար ու մի քաղաքներով անցնել՝ հասկանալու, թե այն ինչ արժեք է ինձ համար։ Հեշտ չեն տրվել այդ շարքի բանաստեղծությունները։ Որ ծանոթանաք գրքին, կտեսնեք՝ կան ստեղծագործություններ, որոնք ասես դժբախտության կնիքն են կրում, բայց դրանք իմ հայացքներն են, իմ պատկերացումներն են, իմ ցավերն են՝ կապված երկրի հետ։ Դժվար է ծխերի մեջ, ամպերի մեջ, քուլաների մեջ փորձել նշմարել արևը, բայց մենք պետք է զինվենք լավատեսությամբ։ Եթե չկա հույս, չկա լավատեսություն, չկան նաև առօրյան և ապագան։

-Հայրենիք, քաղաք, մարդ։ Հատկապես մեր ժամանակներում, երբ մարտահրավերները շատ են, թվարկված արժեքները կարողանո՞ւմ են խաղաղ գոյատևել միասին, համերա՞շխ են արդյոք։

-Չեմ կարծում, թե ինչ-որ շրջանում այդ արժեքները խիստ համերաշխ են եղել։ Չեմ կարծում, թե հիմա գեղեցկորեն դասդասված եվրոպական երկրներում համերաշխ են։ Մարդն ինքն իր մեջ պետք է համերաշխ լինի մեկ այլ մարդու հետ, այն տարածքի հետ, որտեղ ապրում է։ Սիրում եմ մարդուն։ Ունեմ մի բանաստեղծություն, որը չենք ներառել գրքում, որում ասում եմ՝ դու մենակ չես մարդ, դու մենակ չես մարդ։ Ինձ համարում եմ համայնքի մարդ, նաև շատ եմ սիրում առանձնանալ, բայց առանց մարդու, առանց ընկերոջ, առանց սիրելիների չեմ կարող, նաև առանց  այն մարդկանց, որոնք հեռացել են աշխարհից։ Երբեմն զգում եմ, որ ավելի շատ եմ կապված ինձնից հեռացած մարդկանց հետ, քան նրանց հետ, ովքեր իմ շուրջ քայլում են։ 

-Այդպես դժվար չէ՞։

-Դժվար լինի, թե չլինի, այդպես է։ 

-Ձեր բանաստեղծություններից մեկում նշում եք՝ «Էս քաղաքի պատերը ես չափել եմ բութ մատով»։ Իհարկե, բանաստեղծության ամբողջական տարբերակում որոշ փակագծեր բացում եք, բայց կխնդրեմ մեկնաբանել վերոնշյալ տողը։

-Պոեզիան մեկնաբանության կարիք այնքան էլ չունի։ Այդ բանաստեղծությունը ահագին  ծավալուն էր, կրճատվել է, երկու տուն է տպագրվել։ Այդ բանաստեղծության հերոսն էլ եմ ես, շատ կոկիկ հայերենով սեր խոստովանողն էլ եմ ես, նաև առօրյա խոսքով զրուցողն եմ ես։ Մի քանի օր առաջ երևանցի իմ լավ ընկերներից մեկին, որի հետ ճանապարհ եմ անցել՝ մանկություն, պատանեկություն, հազար ու մի կռիվներ, փորձանքներ, նվիրեցի այս գիրքը։ Ես այն եմ, ինչ գրում եմ, իմ գրածն արտացոլում է այն, ինչը ես ապրել եմ։ Գրականությունը միայն այդ կառուցվածքով կարող է լինել մնայուն։ Սինթետիկ բառերի կույտերը, որ շարվեն իրար կողքի, թեկուզ ունենան տաղաչափական բնութագիր, չեն կարող դառնալ բանաստեղծություն, դու պետք է գրես այն, ինչը դու ես, ուրիշի երազածը չի կարող քսվել քո երազներին, քո պատկերացումներին, քո իդեալներին, աղերս չունի քեզ հետ։ Մի քիչ խորհուրդ տալու տեսքով ստացվեց, ինչը չեմ ցանկանա անել, բայց, եթե հարկավոր է խորհուրդ տալ, կասեմ, որ մարդը պետք է գրի այն, ինչն ինքն է, այլընտրանք չկա։

-Ասում եք, որ պոեզիան ունի բնավորություն։

-Պոեզիան ինքը բնավորություն է, բանաստեղծությունն ինքը բնավորություն է։ Անկեղծ լինելը բնավորություն է։ Դերենիկ Դեմիրճյանը մի մանրապատում ունի, որում խանութի աշխատողի հետ կոնֆլիկտի մեջ է մտնում։ Դեմիրճյանը, որ այդ շրջանում դժվարության մեջ էր ապրում, չի վերցնում մանրը և, այն աշխատողին շպրտելով, ասում է՝ ինքը բանաստեղծ է, իր համար էական չեն այդ գրոշները։ Սա ուղղակի հիշեցի... Պարզապես այդ մանրապատումն առնչվում է բանաստեղծի և բանաստեղծ լինելու հետ, բանաստեղծության ինքնության հետ։

-Որպես երիտասարդ ստեղծագործող՝ Ձեզ մոտ չկա՞ բանաստեղծ լինելու միջոցով իմիջ ստեղծելու միտում։

-Ճիգ չեմ գործադրում լինել ինչ-որ մեկը։ Հանգիստ ապրում եմ իմ կյանքն այնքանով, որքանով կարողանում եմ, հրում եմ առաջ օրը որքանով հնարավոր է, իհարկե, այդ գործում ինձ օգնում են ընկերներս, սիրելիներս, մտերիմներս,  նույնիսկ անծանոթները, բոլոր շներն ու կատուները, որոնց համարում եմ իմ բարեկամները, օղին, գինին ինձ օգնում են այդ հարցում։ Բացարձակ չեմ համարում ինձ իմիջային ու չեմ ընկնում թրենդային երևույթների հետևից։ Ճիգ եմ գործադրում մարդ մնալ, չխաբել, չկողոպտել, լավը լինել, ավելի օգտակար լինել մարդկանց։

-Շարունակո՞ւմ եք ձգտել դեպի հարմոնիան, դեպի խաղաղ ներդաշնակությունը։

-Իհարկե։ Շատ զգացմունքային մարդ եմ, ինչը և՛ խանգարում է, և՛ օգնում։ Բանաստեղծ լինելը փոքրիկ սփոփանքի պես բան է այս թվականներին, այս իրականությունում, որովհետև կարիք չկա որևէ բան խմելու, դու արդեն հարբած ես։ Նման զգացողություններ են երազելը, թռչելը. քեզ էլ թևեր պետք չեն, բայց այնպես չէ, որ դա միշտ գոհացնում է մարդուն։ Այդպես չէ։ Որպես պոետ՝ մի քիչ անհանգիստ եմ, շատ խառն եմ, վազվզոցի մեջ եմ։ Երբեմն այդ ամենն իմ անձնական խնդիրներին չի վերաբերում, այլ՝ ուրիշների։ Գրքում կա մի բանաստեղծություն, որում ասում եմ՝ ինչ հիշում եմ ինձ, քայլում եմ անվերջ ոսկե որսից հիասթափվածի պես։ Հարմոնիան երազանք է, և ես մեծ հաճույքով եմ կարդում այն գրողներին, որոնք հանդարտ գրում են, օրինակ՝ Գագիկ Սարոյանը, որի պոեզիան շատ եմ սիրում ու գնահատում, որովհետև գետակի պես քչքչալով՝ տեսնում ես պատկերներ, տեսնում ես մեղեդի, տեսնում ես գեղեցկություն։ Դա վերաբերում է նրա գրականության ինչ-որ մասին։

-Ձեր ստեղծագործություններում խոսում եք բոլորիս մասին, անդրադառնում բոլորիս մտահոգող հարցերի, հատկապես խնդիրներն ակնհայտ բարձրաձայնում եք էսսեների, հոդվածների միջոցով, բայց Ձեր գրողական տաղանդը շատ վառ դրսևորվում է սիրո մասին բանաստեղծություններում։ Սերն ունի՞ գույներ։

-Սերը կյանքի շարժիչ ուժն է։ Եթե քանդեն ինձ, իմ միջից հանեն սերը, փռված լվացքի պես կտատանվեմ, կճոճվեմ օդում, ինձնից բան չի մնա, մարմինս կվերածվի կախիչի։  Ձեր ասած քեզը սերն է, ես համարն եմ։ Կարողացա՞ բացատրել։ Առանց սիրո ես չկա, մենք չկա, ոչինչ չկա, սերը դեղի պես բան է։ Ինչպես առանց դեղի ծառն է ոջլոտում, այնպես էլ մարդն է առանց սիրո քոսոտ, բորոտ մի բանի վերածվում։ Չեմ հիշում իմ կյանքում մի փուլ, որ չսիրեմ, երազանք չունենամ, հեքիաթային, անիրականանալի երազանք։ Սիրում եմ երազել, անուղղելի երազող եմ, անուղղելի սիրահարվող եմ մինչև վերջ, ցմրուր, ինձ վատնելու աստիճանի։ Չգիտեմ՝ դա լավ է, թե՝ վատ, բայց այդպես է։

-Իսկ ինչի՞ մասին եք երազում հիմա։

-Երազում եմ հսկայական հայրենիք ունենալու մասին։ Գուցե վերամբարձ հնչի, քանի որ հիմա բոլորն են խոսում այդ մասին։ Աշխատում եմ ոչինչ չփչացնել՝ շատ արծարծելով այդ թեման, որ չարժեզրկվի, բայց, եթե մեզնից յուրաքանչյուրը երազի այդ մասին ու մի քայլ անի այդ ուղղությամբ, լավ կլինի։ Մի օր այգում էի, մի մարդ այդ տարածքով անցնելիս կանգ առավ, կռացավ, վերցրեց գետնին ընկած շիշն ու ծխախոտի տուփերը, նետեց աղբամանն ու հեռացավ։ Նա այնքան սովորական դա արեց։ Սա քաղաքացու իսկական տիպ է. ուղղել ինչ-որ մեկի սխալը։ Դա քաղաքը, երկիրը սիրելու լավագույն մոդելն է։

-Երբ  գրում եք «Ինձ թողեք այստեղ», որտե՞ղ նկատի ունեք։ Այստեղը հայրենի՞քն է։

-Դժվար հարց է։ Այստեղը վերացական է։ Ոչ թե ցանկանում ես լքել, այլ՝ լքվել։ Հավանաբար, վերնագիրն այդ կողմ է տանում։ Մենանալու, առանձնանալու հետ կապված բան է։ Թողեք ինձ իմ մտքերի հետ։ Այդ բանաստեղծությունը ծավալուն է, բայց երկու տունն ենք ներառել։ Այնտեղ ասում եմ՝  ես իմ մարմնով եմ ուզում այս ավազների մեջ ծաղիկ աճեցնել անիմաստ մի կյանքի համար։ Չեմ կարող մանրամասնել, երևի առնչվում է իմ բնավորության հետ։

-Ինչպես արդեն ասացիք, Ձեր բնավորությունն էլ արտացոլվում է Ձեր ստեղծագործություններում։ Կան ընթերցողներ, որոնք Ձեզ ճանաչում են որպես բանաստեղծի, բայց Դուք նաև բանասեր եք,  գրականագետ, որն առաջիկայում սովորելու է ասպիրանտուրայում։

-Ինձ համարում եմ դիպլոմով բանասեր, որովհետև հայ իրականությունում եղել են հսկա բանասերներ։ Իմ առաջ դրել էի նպատակ՝ զբաղվելու հորս՝ Ղուկաս Սիրունյանի գրականությամբ։ Դա էր նաև առաջ մղող պատճառը, որ կրթությունս Երևանի պետական համալսարանում շարունակեցի, նաև մագիստրատուրայում՝ ընտրելով  «Ղուկաս Սիրունյանի պոեզիան»  թեման։ Ասպիրանտուրա գնալու պատճառն այն է, որ անդրադառնամ Ղուկաս Սիրունյան հեղինակի ավելի ընդգրկուն, ավելի տարածական ստեղծագործությանը՝ մանկագրությանը, արձակին, պոեզիային, հրապարակագրությանը։ Դա է ինձ մղել բանասիրականում սովորել, թե չէ անհարմար եմ զգում ինձ ասել բանասեր, երբ բանասեր է եղել Մանուկ Աբեղյանը։ Ուղղակի սիրում եմ գրականություն, սիրում եմ իմ ֆակուլտետը, որն ինձ շատ բան է տվել և գրականագիտությունը, որ կլանող, գրավող և խիստ ինտելեկտուալ մասնագիտություն է, առնչվում է գրի ցանկացած դրսևորման հետ, բազում գիտությունների հետ։ Հրաշալի զբաղմունք է գրականագիտությունը։ Եթե կարողանում ես տրվել այդ մասնագիտությանը, այն քեզ դատարկ չի թողնում, փոխհատուցող մասնագիտություն է, միայն չի խլում, վերադարձնում է։

-Նորովի՞ եք բացահայտում Սիրունյանի գրականությունը՝ մասնագիտորեն մոտենալով դրան։

-Իհարկե։ Երբ կարդում ես որպես ընթերցող, զավակ, այլ է, այլ է, երբ գրականագիտական գործիքակազմով ես փորձում մոտենալ տվյալ ստեղծագործություններին։ Դա հաճույք է։

-Շնորհակալ եմ, Հայկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Ուրախ եմ, որ մեր իրականությունում Ձեզ պես հետաքրքիր մտածողներ կան։ Նորանոր հաջողություններ եմ մաղթում։

-Ես եմ շնորհակալ։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում