Սպորտ

Հայաստանի ուսանող մարզիկները կմասնակցեն Եվրոպական համալսարանական խաղերին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ուսանող մարզիկները կմասնակցեն Եվրոպական համալսարանական խաղերին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 8 մասնակից կունենա հուլիսի 12-24-ը Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում անցկացվելիք Եվրոպական համալսարանական խաղերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Մեր երկրի պատվիրակության ղեկավար ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրել է, որ մրցումներին մասնակցելու են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները:

ՀՊՏՀ-ի ուսանողները մասնակցելու են սեղանի թենիսի աղջիկների մրցումներին, իսկ ՀՖԿՍՊԻ-ի ուսանողները՝ պարա սեղանի թենիսի, շախմատի և թաեքվոնդոյի մրցաշարերին: 

ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների թիմում ընդգրկված են Մանե Ղազարյանը, Ասյա Պողոսյանը և Հայաստանի անհատական առաջնության չեմպիոն Ռիմա Խլղաթյանը: Մարզիչն է ամբիոնի դասախոս Մեսրոպ Ղազարյանը, որը նաև Հայաստանի սեղանի թենիսի հավաքականի մարզչիչներից է: 

Պարա սեղանի թենիսի մրցումներին մասնակցելու է ՀՖԿՍՊԻ-ի ուսանող Գևորգ Բեգլարյանը, որին ուղեկցելու է ամբիոնի վարիչ և մարզիչ Ռիմա Բեգոյանը:

Շախմատային պայքարին կներգրավվեն գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը: Մարզիչն է Երվանդ Հակոբյանը:

Թաեքվոնդոյիստներից ասպարեզ են դուրս գալու Հայաստանի առաջնությունների տիտղոսակիր մարզիկներ, միջազգային տարբեր մրցաշարերի մասնակցած Մելինե Հովհաննիսյանը և Դավիթ Թորոսյանը:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, լինելով համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի անդամ, նշանակվել է ֆուտզալի մրցումների ղեկավար:

«Սպասելիքները մեծ են, քանի որ մասնակցելու են Հայաստանի հավաքականների կազմերը համալրած ուսանող մարզիկները, որոնք մեր երկրի անունը բարձր են պահում նաև տարբեր միջազգային մրցաշարերում»,- նշել է Հովհաննես Գաբրիելյանը:

Եվրոպական համալսարանական խաղերին 20 մարզաձևերի մրցումներին կմասնակցի 36 երկրի շուրջ 5 հազար մարզիկ-մարզուհի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում