Մարզեր

Հիմնանորոգվում է «Մանասի առու» ոռոգման ինքնահոս ջրատարը

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է «Մանասի առու» ոռոգման ինքնահոս ջրատարը

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում սկսվել են «Մանասի առու» ինքնահոս ոռոգման ջրատարի հիմնանորոգման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, շինարարությունն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի միջոցներով՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 319,4 մլն դրամ, որով նախատեսվում է «Մանասի առու» ջրանցքի գլխամասից մինչ Մարտունի քաղաքի և Վաղաշեն գյուղի բաժանարար հանգույցն ընկած 7 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում բետոնապատմամբ։ 

«Այս ջրանցքը, որով ինքնահոս ջուր է մատակարարվել Մարտունի քաղաքին ու Վաղաշեն գյուղին, կառուցվել է նախորդ դարի 60-ական թվականներին։ Այն քայքայվել ու գրեթե կորցրել էր շահագործման պիտանիությունը։ Այնպես որ, այս ջրանցքի հիմնանորոգումը խիստ անհրաժեշտ էր։  Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։ Իհարկե, շինարարությունը ոչնչով չի խոչընդոտելու ոռոգմանը, քանի որ ունենք ջրամատակարարման այլընտրանքային տարբերակ՝ այն իրականացնելով հողե հին առվով, որը կառուցվել է հնագույն ժամանակներում և լեռան փեշերով ձգվում է 13-15 կմ ու գործում է մինչ օրս»,-ներկայացրեց Արտաշ Սարդարյանը։  

Խոսրով  Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում