Հայաստան

Նոր որակ կրթության ոլորտում. պաշտոնապես ներկայացվեց «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ նոր օրենքը

5 րոպեի ընթերցում

Նոր որակ կրթության ոլորտում. պաշտոնապես ներկայացվեց «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ նոր օրենքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) մասին» ՀՀ նոր օրենքը  նպատակ ունի ապահովելու  աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող մասնագիտական կրթության որակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնապես ներկայացվեց Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) մասին ՀՀ նոր օրենքը, որը ըստ՝ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի  կարևոր քայլ է մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ուղղությամբ։ 

Գաբրիելյանը նշեց, որ օրենքի մշակման շուրջ աշխատանքներն ընթացել են ավելի քան երեք տարի՝ տեղացի և միջազգային փորձագետների ներգրավմամբ։ 

«Օրենքի ընդունման գլխավոր նպատակներից է աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող մասնագիտական կրթության որակի ապահովումը՝ ուսանողի մոտ ձևավորելով անհրաժեշտ մասնագիտական կարողունակություններ և աշխատանքային փորձ կուտակելու հնարավորություն՝ որակավորված մասնագիտական գործունեություն իրականացնելու, ներկայի և ապագայի մարտահրավերներին դիմակայելու, փոփոխվող աշխատաշուկայի պայմաններին հարմարվելու համար։ Օրենքի ընդունմամբ այս ոլորտը բերվում է մեկ միասնական օրենքի կարգավորման դաշտ»,- նշեց նա:

Գաբիրելյանի խոսքով կարևորվում է  պետություն և մասնավոր հատված համագործակցության ուժեղացումը՝ ներառելով մասնավոր հատվածի համակարգված, երկարաժամկետ ներգրավվածությունը կրթական ծրագրերի մշակման և իրականացման, մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) կառավարման, ֆինանսավորման և գնահատման գործընթացներում։ Ըստ նրա՝ այս համագործակցությունը կտա հնարավորություն, որպեսզի քոլեջները հասկանան, թե ինչ է անհրաժեշտ մասնավորին և ինչ մասնագետների կարիք կա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորելով նոր օրենքի ընդունումը նշեց, որ այն նախապայմաններ է ստեղծում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) համար, որը ենթադրում է ուսումնառության կազմակերպում իրական աշխատավայրում կամ դրան համապատասխանեցված աշխատանքային միջավայրում՝ ապահովելով ուսումնառության վերջնարդյունքներին միտված աշխատանքային կարողունակությունների ձեռքբերումը։ 

«Այս պարագայում ուսումնառությունը միաժամանակ իրականացվում է մասնագիտական ուսումնական հաստատություններում (ՄՈՒՀ) և գործատուի մոտ կամ իրական աշխատավայրին համապատասխանեցված աշխատանքային միջավայրում ուսումնառության համադրմամբ։ 

Նոր օրենքը առաջին հերթին բխում է կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրից, որով մենք կարևոր նպատակներ ենք դրել՝ բարձրացնել մասնագիտական կրթության որակը, և հասնել այն արդյունքին, որ շրջանավարտների առնվազն 90 տոկոսը կարողանա իր մասնագիտությամբ աշխատանք գտնել»,- նշեց Անդրեասյանը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավարն Կատրին Բուդեր-Փելցն ողջունելով ներկաներին ընդգծեց՝ Գերմանիայի կառավարությունն ուրախ է աջակցել Հայաստանում «Մասնագիտական ​​կրթության և ուսուցման» (ՄԿՈՒ) բարեփոխումների իրականացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մասնավոր հատվածի կարիքների և ՄԿՈՒ կրթական համակարգի միջև կապի ամրապնդմանը, աշխատաշուկայի համար անհրաժեշտ հմտությունների բացահայտմանը և շուկայական ուղղվածություն ունեցող կրթության ապահովմանը:

«Մենք արդեն աշխատել ենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, ՏՏ-ն, լոգիստիկան, գինին և տեքստիլը՝ երկակի ՄԿՈՒ-ի ներդրման ուղղությամբ: Խրախուսել ենք ավանդաբար տղամարդկանց կողմից գերակշռող ոլորտներում կին ուսանողների ներգրավվածությունը, ինչն իր արտացոլումն է ունեցել նաև նոր օրենքում»,-ասաց Կատրին Բուդեր-Փելցը:

Նա ուրախությամբ նշեց, որ ապագայում  նույնպես շարունակելու են աջակցել ՄԿՈՒ ոլորտին՝ ենթաօրենսդրական ակտերի մշակում և այլ կարևոր գործողություններ, ինչը կնպաստի ոլորտի կայացման ու կատարելագործմանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում