Հայաստան

Հայաստանում ընտանիքում երեխաների ցանկալի թիվն ավելի մեծ է, քան փաստացի թիվը. Տիգրան Ջրբաշյանի հարցազրույցը միջազգային DevelopmentAid–ին

4 րոպեի ընթերցում

Հայաստանում ընտանիքում երեխաների ցանկալի թիվն ավելի մեծ է, քան փաստացի թիվը. Տիգրան Ջրբաշյանի հարցազրույցը միջազգային DevelopmentAid–ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հեղինակավոր DevelopmentAid․org հարթակի «Հաջողության պատմություններ» խորագրի ներքո հրապարակվել է հարցազրույց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի հետ: Հարցազրույցում պրն Ջրբաշյանն անդրադարձել է Հայաստանի և տարածաշրջանի ժողովրդագրական խնդիրների գծով առաջարկվող նորարարական լուծումներին, պետական քաղաքականությանն առնչվող խորհրդատվական ծառայությունների ապագային և այլնի։ 

Անդրադառնալով «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից մշակվող ժողովրդագրական ռազմավարությանը, պրն Ջրբաշյանն ընդգծել է, որ ներկայումս ավարտական փուլում գտնվող այս նախագիծը բարձր է գնահատվել միջազգային փորձագետների կողմից։ 

«Հիմնական նպատակն է ապահովել բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք՝ միտված բնակչության երկարաժամկետ  մարդկային կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը։ Նշված նպատակի իրականացման համար մենք առանձնացրել ենք չորս հիմնական ուղղություն․ 

Աջակցություն ընտանիքներին և ծնելիության խթանում․ այս ուղղությունը լուծում է ծնելիության ցուցանիշի անկման խնդիրը։ Հատկանշական է, որ Հայաստանում ստեղծվել է եզակի իրավիճակ, երբ ընտանիքում երեխաների ցանկալի թիվն ավելի մեծ է, քան փաստացի թիվը: Նշված փաստը թույլ է տալիս օգնել նման ընտանիքներին ունենալ ցանկալի թվով երեխաներ: Դա հնարավորություն է տալիս մոտավորապես 7-ից 10 տարվա ընթացքում աջակցել ընտանիքներին իրենց ցանկալի ընտանիքի չափն ունենալու հարցում։ Միաժամանակ առանցքային խնդիր է երեխա ունեցող ընտանիքներում մարդկային կապիտալի աճի ապահովումը։

Մահացության ցուցանիշների նվազեցում․ այս ուղղությունը կենտրոնանում է հանրային առողջության ոլորտի քաղաքականությունների վրա, որոնք կարող են կանխել ոչ վարակիչ հիվանդությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների և անառողջ ապրելակերպի հետևանքով գրանցված մահացության դեպքերը: Խոսքը ոչ միայն ծնելիության բարձրացման, այլև առավել երկարատև և առողջ կյանքի ապահովման մասին է։ Այս ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները զգալիորեն կնվազեցնեն մարդկային կապիտալի վաղաժամ կորուստները։

Ակտիվ ծերացում․ ակտիվ ծերացումը Եվրոպայում աճի միտում ունի: Քանի որ կյանքի տևողությունը մեծանում է, մենք ցանկանում ենք ապահովել ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությունը հասարակության կյանքում՝ նրանց հմտություններն ու փորձը ծառայեցնելով հասարակությանը։ Այս առումով պետական քաղաքականությունը վճռորոշ դեր կխաղա՝ խրախուսելով տարեց մարդկանց ակտիվությունն ու ներգրավվածությունը հասարակության կյանքում։ 

Միգրացիայի կառավարում․ միգրացիան էականորեն ազդում է Արևելյան Եվրոպայի շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ալբանիայի և Ուկրաինայի վրա: Օրինակ՝ Հայաստանը վերջին 30 տարվա ընթացքում արտագաղթի պատճառով կորցրել է իր բնակչության գրեթե մեկ երրորդը։ Այս առումով կարևոր է նվազեցնել արտագաղթի հանգեցնող դրդապատճառները և ապահովել բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորում։

Յուրաքանչյուր ուղղություն ընդգրկում է իրեն հատուկ ծրագրեր և միջոցառումներ։ Միևնույն ժամանակ դրանք ներկայացնում են այն հիմնական ոլորտները, որոնք պետք է ուշադրության կենտրոնում պահվեն ընդհանուր ռազմավարության շրջանակներում»:

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում