Երևանում կտեղադրվի 930 նոր թափոնաման
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կտեղադրվի մոտ 930 նոր թափոնաման՝ նախատեսված ապակու, պլաստիկի, թղթի և այլումինի թափոնները տեսակավորելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թափոնների տեսակավորման համար նախատեսված թափոնամանները Երևանը ձեռք է բերել «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, կարևորելով նման ծրագրերի իրականացումը, նշեց, որ Երևանը ձեռք է բերել 930 թափոնաման՝ նախատեսված վերամշակվող չորս տեսակի թափոնների համար:
«Այսպիսով՝ մայրաքաղաքում զգալի թվով ավելանալու են թափոնամանների տեղադրման կետերը, ինչպես նաև՝ թափոնամանները, այդ թվում՝ ալյումինի համար նախատեսված։ Դրանց սպասարկման համար նաև ձեռք է բերվել երկու բազմաֆունկցիոնալ մեքենա, ինչը մեր քաղաքին շատ անհրաժեշտ էր: Մինչ այս Երևանում տեղադրված են եղել տեսակավորման համար նախատեսված շուրջ 360 թափոնամաններ 120 հասցեներում՝ երեք տեսակի աղբի տեսակավորման համար: Այս ծրագրի շրջանակներում դրանք մայրաքաղաքում կտեղադրվեն ավելի քան 300 հասցեներում և նախատեսված կլինեն չորս տեսակի թափոնների համար, կավելանա այլումինի համար նախատեսված թափոնամանը»,- նշեց Բեգոյանը:
Նա ընդգծեց, որ սա հնարավորություն կտա ավելի շատ թափոն տեսակավորել, դրանք վերամշակել և կրճատել բնություն նետվող աղբի քանակը:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Արմեն Շեխոյանն էլ նշեց, որ այս ծրագրի շրջանակում ավելացած թափոնամանները մեծապես կնպաստեն աղբը տեսակավորելու մշակույթի զարգացմանը:
«Մայրաքաղաքում արդեն երեք տարի է՝ տեղադրված են թափոնամաններ, և բնակիչները գնալով սկսել են ավելի ճիշտ տեսակավորել աղբը․ կարող եմ ասել, որ վարքագիծ է փոխվել: Մենք էլ մեր կողմից մի շարք նախագծեր ենք իրականացնում՝ հատկապես դպրոցներում, որտեղ տեղադրված են ստվարաթղթե արկղեր, որպեսզի երեխաները իմանան, թե ինչպե՞ս է պետք ճիշտ տեսակավորել վերամշակելի թափոնները: Պետք է ընդգծեմ՝ մենք ունեցել ենք բավականին շատ զանգեր, մարդիկ խնդրել են, որպեսզի իրենց բակային տարածքներում նույնպես տեղադրվեն աղբի տեսակավորման համար նախատեսված թափոնամաններ»,-ասաց Շեխոյանը:
Նա նշեց՝ դրանք այսօրվանից կտեղադրվեն նախատեսված կետերում։