Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Փաշինյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների հատվածում հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձություններում ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթում:
«Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա: Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ: Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել Ոստիկանության շղթան, որ հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա: Ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ օրենսդիր ինստիտուտը, Հայաստանի պետականությունը: Ընդ որում՝ եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը հարձակումից որոշ ժամանակ առաջ, դիմելով ոստիկաններին, ասել է՝ «տղաներ, հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում»: Որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ, ցավոք, Հայ առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան բարոյական նկարագրի մասին»,–ասաց Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրեց, որ տուժել է 18 ոստիկան, 83 քաղաքացի: Բոլոր վնասվածքները եղել են թեթև և միջին ծանրության: Այս պահին հոսպիտալացված է 16 անձ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար:
Անդրադառնալով դաստակի վնասվածք ստացած քաղաքացուն՝ նա հայտնեց, որ քաղաքացին վիրահատվել է, մատերից 3-ը հեռացվել են, ինչի համար ցավում է:
«Բայց նաև տեսանյութերից ակնհայտ դարձավ, որ ինքը գետնից վերցրել է ոստիկանների նետած հատուկ միջոցը, որը կյանքի համար անվտանգ է, և այն պայթել է նրա ձեռքի մեջ: Այսինքն՝ եթե չվերցներ, նման բան տեղի չէր ունենա»,–ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց. «Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Խղճահարության վրա օրինականություն չի կարելի կառուցել, խղճահարության վրա իրավակարգ, պետություն չի կարելի կառուցել»:
Հունիսի 12–ին, ԱԺ–ում ընթանում էր կառավարության անդամների հետ հարցուպատասխան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատվածում «Տավուշ հանուն հայրենիք»-ի շարժման մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը և մոտենալ Ազգային ժողովի շենքին, որից հետո սկսվեց քաշքշուք և հրմշտոց։ Այնուհետև ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների նկատմամբ։ Ոստիկանները բերման են ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։