Վարդենիսի «Անդրանիկ-09» թիմի ֆուտբոլիստներին հանձնվեցին չեմպիոնական պարգևներ և գլխավոր մրցանակը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի մարզադաշտում տեղի է ունեցել ՀՀ ֆուտբոլի մինչև 15 տարեկանների 2023-2024 թվականների առաջնության Բ խմբում առաջին տեղը գրաված Վարդենիսի քաղաքային մարզադպրոցի «Անդրանիկ-09» ֆուտբոլային թիմի պարգևատրման արարողությունը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Անդրանիկ-09» ֆուտբոլային ակումբի համահիմնադիր, ՀՖՖ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանից, հանրապետական առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելու համար թիմի «Անդրանիկ-09» թիմի հիմնադիր և հովանավոր, ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում բնակվող Վարդան Նազերյանի ներկայացուցիչները թիմի մարզիչներին ու ֆուտբոլիստներին հանձնել են մեդալներ և պատվոգրեր:
«Բացի չեմպիոնությունը, մեր մարզիկները նվաճեցին նաև «Լավագույն դարպասապահ», «Լավագույն պաշտպան», «Լավագույն կիսապաշտպան», «Լավագույն ռմբարկու» անվանակարգերը, որոնց արժանացածներին ևս շնորհվեցին հուշանվերներ:
Իսկ վերջում հանդիսավոր կերպով «Անդրանիկ-09» թիմին հանձնվեց գլխավոր մրցանակը`առաջնության գավաթը: 2024-2025 թվականների մրցաշրջանում արդեն մեր թիմը հանդես է գալու Ա խմբում, որտեղ հանդես են գալիս շատ ավելի ուժեղ թիմեր։ Եթե կարողանանք այդ խմբում էլ հաղթել, ապա կնվաճենք Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբում հանդես գալու իրավունքը։ Ամեն դեպքում, այս հաղթանակը մեզ շատ է պարտավորեցնում՝ նոր հաղթական մրցաշրջաններ ունենալու համար»,-ներկայացրեց Դավիթ Դավթյանը։
Խոսրով Խլղաթյան