Նոր սերունդը ոգևորում է․ շարունակվում է անվանի դաշնակահար Շահան Արծրունու համերգային շրջագայությունը
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ՝ բարեգործական համերգներով կրկին Հայաստանում է անվանի դաշնակահար Շահան Արծրունին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախաձեռնությունը սկիզբ է առել 2016 թվականին։
Այս անգամ մայիսի 14-30-ը ամերիկահայ դաշնակահարը ծրագրել և բարեգործական համերգներով հանդես է գալիս Գյումրի, Դիլիջան, Գորիս, Սիսիան, Ալավերդի, Ստեփանավան, Աշտարակ քաղաքների և համայնքների երաժշտական դպրոցներում, ինչպես նաև Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզում։
Մայիսի 22-23-ին աշխարհի ամենատարբեր հեղինակավոր բեմահարթակներ նվաճած դաշնակահարը Գյումրիում է. նա նախ վարպետության դասեր անցկացրեց Գյումրու Շիշյանի անվան երաժշտական դպրոցի սաների, ապա եւ համերգ՝ արվեստասեր հանրության համար։
Նախաձեռնությունն 8 տարվա ընթացքում իր դրական ազդեցությունն է ունեցել երաժշտական դպրոցների սաների կրթության և կատարողական ունակությունների զարգացման վրա, հայտնի դաշնակահարի հետ համերգներին մասնակցում են նաև տեղի տաղանդաշատ պատանի երաժիշտ կատարողները, իսկ մինչ այդ պատանի երաժիշտների և իրենց ուսուցիչների համար վարպետության դասեր են անցկացվում։
Տարիներ շարունակ պատանի երաժիշտներին գիտելիքներն ու վարպետությունը փոխանցող արվեստագետը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց՝ նպատակը մեկն է՝ մարզերի երեխաներին սփյուռքահայ արվեստագետների հետ ծանոթացնելու հնարավորությունը։
«Որոշեցի, որ ես պետք է նվագեմ Հայաստանում՝ մարզերի երեխաների համար, սակայն հետո նաև այն համոզումն ունեցա, որ միայն համերգը բավարար չէ, պետք է շփում ստեղծել հայ երեխաների հետ՝ կազմակերպելով վարպետության դասեր: Որոշումս դրական արձագանքի արժանացավ ՀՕՖ-ի կողից»,-պատմում է Շահան Արծրունին վստահեցնելով՝ զարմացած ու հիացած է մարզերի երեխաներով։
Երաժիշտն ընդգծում է՝ հնարավորության դեպքում, ամեն տարի պատրաստ է գալ Հայաստան ու այցելել մարզերի երեխաներին։
«Շատ տաղանդավոր սերունդ կա։ Վստահաբար կարող եմ ասել՝ ինձ ոգևորում են Հայաստանի մշակույթը, այս շատ շնորհալի երեխաները: Նոր սերունդը մեզ համար մեծ ուժ պետք է լինի։ Պարտադիր չէ, որ բոլորը երաժիշտներ դառնան ու տարբեր բեմերում ելույթ ունենան՝ երաժշտի կյանքը շատ բարդ է, բայց երաժշտությունը կարգապահություն է, ու դա այս երեխաների մեջ ես տեսնում եմ»,-եզրափակեց դաշնակահարը։
Արմենուհի Մխոյան