Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 25-29-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:
Այն բաղկացած է լինելու ազգային և միջազգային ֆիլմերի մրցութային ծրագրերից։ Փառատոնի շրջանակում նախատեսվում են վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ։
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը նախաձեռնել է «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամը: Աջակիցներն են Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: