Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպվել է Դանիել Վարուժանին նվիրված դաս-քննարկում
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի քաղաքային գրադարանում «Ազգային գրադարանային շաբաթ»-ի միջոցառումների շրջանակում կազմակերպվել է դաս-քննարկում, որը նվիրվել է հայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդյան 140-ամյակին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը, դաս-քննարկումը կազմակերպվել է Գավառի ավագ դպրոցի 11-րդ դասարանցիների և ուսուցչուհիների մասնակցությամբ։
Դաս-քննարկումը կրում էր «Հովեր կանցնին» խորագիրը։
Ակտիվ քննարկում-երկխոսություն է ծավալվել Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմի շուրջ, աշակերտներն իրենց դատողություններն ու եզրահանգումներն արտահայտել են համարձակ ու անկաշկանդ։
Գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը աշակերտներին ներկայացրել է գրքային հավաքածուն, ցուցահանդեսներն ու բաժինները՝ կարևորելով համագործակցությունը դպրոցների հետ։
«Ընդգծվեց Վարուժանի մաքառող, տոկուն ոգին, որի շնորհիվ նա հավերժացել է իրեն ծնող ժողովրդի սրտում։ Նա իր գրիչը թաթախել էր հայրենի հողի որդան կարմիրի և ծովածուփ արյան մեջ, նա հայոց ճակատագրի, ժողովրդի հոգեբանության, իղձերի ու ձգտումների փոթորկուն արտահայտիչն էր։ Գոհացուցիչ է այն, որ մեր դպրոցներում սիրով են կարդում Վարուժանին, ընկալում նրա մարդասիրական ու հայրենասիրական վեհ գաղափարները, դաստիարակվում նրա հզոր քնարով ու ոգեղեն արժեքներով»,-ներկայացրեց Նարինե Նանագուլյանը։
Խոսրով Խլղաթյան