Վաճառքի նոր մշակույթ ապահովող Happy Life հայկական ստարտափն արդեն հասանելի է App Store-ում և Google Play-ում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնորդներին ապրանքների շուկայում հեշտ կողմնորոշվելու և գնումներ կատարելու հարցում աջակցող, վաճառքին և գնմանը վերաբերող բոլոր գործառույթները մեկտեղող, վաճառողներին անվճար պահեստ առաջարկող, գնորդներին՝ արագ առաքում ապահովող հայկական Happy Life ստարտափը հասանելի է App Store-ում և Google Play-ում:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ընկերությունից:
Happy Life-ը ժամանակակից և նորարարական հարթակ է մարդկանց կյանքը հեշտացնելու համար։ Այն առաջարկում է նոր լուծումներ հայկական շուկայում՝ մեկ հարթակում միավորելով տարբեր ծառայություններ։ Այս հարթակում օգտատերերը կարող են կատարել առցանց գնումներ, շփվել իրենց ընկերների հետ, հետևել իրենց սիրելի խանութներին և կիսվել հավաքածուներով մեկ հարթակում՝ առանց մեկ հավելվածից մյուսին անցնելու։
Happy Life-ի տարբերակիչ առանձնահատկություններից մեկը Հայաստանի ամբողջ տարածքում գործող առաքումն է։ Ընկերությունն ունի ավելի քան 850 ստացման կետեր Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, իսկ հարթակում ներկայացված ապրանքների տեսականին անընդհատ թարմացվում է։
«Մենք օգնում ենք վաճառողներին ստեղծել օնլայն խանութ Happy Life-ում, աջակցում ենք նոր ապրանքների ավելացման հարցում, անվճար պահեստավորում ենք ապրանքը՝ մինչև 6 ամիս ժամկետով, հոգում ենք պահեստի անվտանգությունը, վաճառողի փոխարեն ապրանքները տեղափոխում ենք ապրանքների հավաքագրման կետեր», - նշեց ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Ռաֆայել Պողոսյանը:
Պողոսյանը կարևորում է, որ հարթակը համագործակցում է Հայաստանի մարզերում գործող ընկերությունների հետ՝ չսահմանափակվելով Երևանով, և առաջարկում է առաքման ծառայություններ Հայաստանի ամբողջ տարածքում։ Արդեն այսօր Happy Life-ն ունի գործընկեր-վաճառողների համայնք, որի 30%-ը մարզերում գրանցված բիզնեսներն են։ Բացի այդ, Happy Life-ը բաց է նոր համագործակցությունների համար և պատրաստակամորեն ընդունում է հայտեր այն ընկերություններից, որոնք հետաքրքրված են իրենց ապրանքներն օնլայն վաճառելու հարցում։
Համագործակցելով Հայաստանի տարբեր մարզերի ընկերությունների հետ՝ Happy Life-ը ձգտում է ստեղծել ծաղկուն էկոհամակարգ, որը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը։
Ստարտափի մասին ավելին իմանալու համար կարդացեք «Արմենպրես»-ի ամբողջական հոդվածը:
Հարթակին մանրամասն ծանոթանալ, օգտվել հնարավոր է այստեղ: