Հասարակական

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Մայր աթոռը:

«Խոր ցավով տեղեկացանք Մեղրիում ավտովթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների և 20 վիրավորների մասին։

Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Իր անբավ գթությամբ երկնային լուսեղեն օթևաններում խաղաղության ու հանգստության մեջ ընդունի նրանց հոգիները։

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավոր մեր զավակներին՝ հայցելով Տիրոջ Սուրբ Աջի հովանին և զորակցությունը Հայոց բանակին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին»,- նշված է ցավակցական հայտարարության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ի ժամը 15:25-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող՝ Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանի Վարդանյան, Դավիթ Համբարձումի Հակոբյան, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում