ՀՀ ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ապրիլի 12-ին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են`
Արեգ Արմենի Քերոբյանը,
Սլավիկ Վարդանի Վարդանյանը,
Դավիթ Համբարձումի Հակոբյանը,
Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է նախաձեռնված քրեական վարույթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի հանգամանքների վերաբերյալ սխալ և չճշտված տեղեկություններ չհրապարակել», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ի ժամը 15:25-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով 4 զինծառայող զոհվել է: