ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում օրերս տեղի է ունեցել Բրեդ Բյորդի սցենարի վրա հիմնված «Ռատատույ» ներկայացման պրեմիերան:
Այն արժանացել է ինչպես կրտսեր, այնպես էլ հասուն հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման ստեղծագործական կազմը կարծում է՝ գունեղ և հետաքրքիր բեմադրություն է, որը երկար է մնալու Վանաձորի թատրոնի խաղացանկում:
Գլխավոր հերոսի՝ Ռեմիի կերպարը մարմնավորել է դերասան Էդգար Բարսեղյանը: Նրա խոսքով՝ Ռեմին երազկոտ, մաքրասեր առնետ է, որ ծնված օրից անհաշտ է իր ապրելակերպի հետ ու մտածում է՝ մարդկանց աշխարհում ամեն ինչ այլ է: Կարծում է՝ նրանք ունեն մաքուր սնունդ և տաք անկողին, սակայն չգիտի, թե ինչու են մարդիկ իրար առնետ անվանում:
Ռեժիսոր Ժիրայր Գաբրիելյանը «Ռատատույ» ներկայացման շուրջ աշխատել է մեծ թիմի օգնությամբ, որոնք ամեն ինչ արել են ուշագրավ ներկայացում ստանալու համար: Գունեղ ու հետաքրքիր լինելուց բացի բեմադրությունը կարևոր ուղերձներ ունի, որոնք կարող են դաստիարակչական ազդեցություն ունենալ երեխաների վրա: Ամբողջ ներկայացումը հագեցած է գեղեցիկ ու հետաքրքիր տեխնիկական հնարքներով, որոնք զարմացնում են հանդիսատեսին։
Բեմականացման հեղինակներն են Արմինե Բոյաջյանն ու Նարեկ Մանուչարյանը, բեմանկարչության և զգեստների հեղինակը Լիլիթ Մխիթարյանն է, երաժշտական ձևավորումների և տեխնիկական հնարքների պատասխանատուն՝ Հրանտ Վարդումյանը, լույսի նկարիչներն են Դավիթ Գալստյանն ու Աշոտ Գևորգյանը, դեկորատորն և բուտաֆորիստը՝ Տիգրան Աբգարյանն ու Անահիտ Գևորգյանը։
Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները, աշակերտներ և ուսանողներ հանրակրթական դպրոցներից և կրթական այլ հաստատություններից: