Հասարակական

Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս որդին

3 րոպեի ընթերցում

Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս որդին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի քննչական կոմիտեում իրականացվող քննությամբ պարզվում են 2024 թ․ փետրվարի 29-ին 73-ամյա կնոջ առերևույթ սպանության հանգամանքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Նշվում է, որ փետրվարի 29-ին, ժամը 16-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Խարբերդի 24-րդ փողոցի տներից մեկը, որտեղ, ըստ ահազանգի, հարազատների ներկայությամբ մահացել է 73-ամյա տանտիրուհին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ տան մահճակալի վրա հայտնաբերվել է կնոջ դի՝ գլխի շրջանում վնասվածքներով, իսկ ճակատային հատվածում՝ պատռված վերքով, արնանման հետքերով։

Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական և այլ անհրաժեշտ փորձաքննություններ։

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ փետրվարի 29-ին՝ ժամը 14։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում, կենցաղային հարցերի շուրջ 57-ամյա տղամարդը վիճաբանել է նույն տանը համատեղ բնակվող մոր հետ, որի ժամանակ հրել է նրան։ Մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ մահացած կնոջ որդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։

Դատարան ներկայացվելու անհրաժեշտութամբ պայմանավորված՝ որոշում է կայացվել նշված անձին ձերբակալելու մասին, և մարտի 1-ին վերջինս ոստիկանության ծառայողների կողմից վերջինս ներկայացվել է քննիչին և նրան ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։ Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում