Հասարակական

Ոստիկանությունը վարորդներին և ուղևորներին հորդորում է երթևեկելիս պարտադիր ամրակապվել՝ հայտնելով վարչարարությունը խստացնելու մասին

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը վարորդներին և ուղևորներին հորդորում է երթևեկելիս պարտադիր ամրակապվել՝ հայտնելով վարչարարությունը խստացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը վարորդներին և ուղևորներին հորդորում է պարտադիր ամրակապվել երթևեկելու ընթացքում՝ հայտնելով, որ այս ուղղությամբ խստացնելու է վարչարարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ: Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետևողական: Պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ:

Կրկին հորդորում և զգուշացնում ենք բոլոր վարորդներին և ուղևորներին` երթևեկելիս պարտադիր ամրակապվել:

Վարչարարությունը խստացվելու է, այս ուղղությամբ իրականացվելու են պարբերական միջոցառումներ, այդ թվում` ուժեղացված ծառայություններ: Եվ եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղևորներն անվերապահորեն չհետևեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:

Վերստին հորդորում ենք լինել օրինապահ և գիտակից ու մաղթում բարի երթ»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում