Վարդենիսում կայացավ «Գեղարքունյաց ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարդենիս համայնքում կայացավ «Գեղարքունյաց ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումը, որին մասնակցեցին Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը` համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, բնակավայրերի վարչական ղեկավարները և բազմաթիվ բնակիչներ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառումն անցկացվել է Վարդենիսի թիվ 1 մարզադպրոցի մարզադաշտում։ Մարզամշակութային միջոցառումն անցկացվել է շախմատ, կրոսավազք, կշռաքարերի բարձրացում, պարկացատկ, պարանի ձգում, դահուկավազք, մինի ֆուտբոլ, նարդի, ազգային կոխ, բազկամարտ մարզաձևերից կամ մարզախաղերից։
Սպորտային օրվա մեկնարկը տրվել է Վարդենիսի Շախմատի ակադեմիայում, որտեղ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ողջունել է շախմատիստներին և կատարել առաջին խորհրդանշական քայլը բոլոր խաղատախտակների վրա։
Բազմամարդ միջոցառումը սկսվել է Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո, բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել համայնքի ղեկավարը՝շնորհավորելով ու հաջողություն մաղթելով միջոցառման մասնակիցներին։
Միջոցառման ավարտին մարզաձևերի մրցանակային եռյակներում հայտնված մարզիկները համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով։
Խոսրով Խլղաթյան