ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայրաքաղաքում 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի գործակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ ծրագիրը ներառում է ինչպես շենքերի սեյսմիկ ամրացում, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումներ:
Համատեղ նախագծերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի հանդիպման ընթացքում:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր:
Բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր է առաջարկել՝ նշելով, որ բանկը պատրաստակամ է ընդլայնել գործակցության բնագավառներն ու օժանդակել Երևանին տարբեր խնդիրների լուծման գործում:
Կողմերն անդրադարձել են նաև մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրին ու տրանսպորտային համակարգի նախաձեռնված բարեփոխումներին: