ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 1 տարուց ավելի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, կառույցի հետ հարաբերություններն իսկապես սառեցված են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում:
«Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա: Հայաստանը 1 տարուց ավելի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին: Եվ հաշվի առնելով՝ բազմիցս մեր հնչեցրած դիրքորոշումները ՀԱՊԿ-ի գործունեության կամ անգործության վերաբերյալ՝ այդ արձանագրումն իրավիճակի կոնկրետ արձանագրում է, որ այս պահին իսկապես սառեցված են հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ»,-ասաց Խանդանյանը:
Ըստ նրա՝ ժամանակ ցույց կտա՝ դրան կհետևե՞ն գործողություններ, թե՞ ոչ:
Խանդանյանն ասաց, որ մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը քաղաքական գնահատական է և գոյություն ունեցող իրավիճակը մեկնաբանելու ձև:
France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըհայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։