Մշակույթ

Սիրո քարոզ՝ կատակերգության միջոցով. Գավառի թատրոնն առաջնախաղով է մեկնարկել թատերաշրջանը

6 րոպեի ընթերցում

Սիրո քարոզ՝ կատակերգության միջոցով. Գավառի թատրոնն առաջնախաղով է մեկնարկել թատերաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր թատերաշրջանը մեկնարկել է ռուս դրամատուրգ Վալենտին Կրասնոգորովի «Սեր մինչև հիշողության կորուստը» պիեսի հիման վրա բեմադրված «Հիշի՛ր բժիշկ, հիշի՛ր» կատակերգությամբ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի գլխավոր ռեժիսոր, ներկայացման բեմադրիչ և նկարչական ձևավորող Նորայր Հերգնյանն ասում է՝ ստեղծագործությունն իրեն շատ է գրավել, քանի որ սիրո մասին է և միշտ արդիական: Հերգնյանի տեղեկություններով այն չի բեմադրվել Հայաստանում, ուստի որոշել են լինել առաջինը: «Ուրախ, հետաքրքիր գործ է: Ժամանակակից քիչ պիեսներից է, որտեղ մարդկանց փոխհարաբերություններում ժարգոնային բառեր չեն կիրառվում, ինչի շնորհիվ ներկայացումը կարող են դիտել ոչ միայն հասուն, այլև ավելի փոքր տարիքի թատերասերները»,-նշում է նա:

1708947751613.JPG (7.93 MB)

Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Անուշ Զանգիզորյանը, Արմինե Հակոբյանը, Հովհաննես Վարդանյանը, Մուշեղ Սիմոնյանը, Հովհաննես Հասասյանը: Երիտասարդ դերասանների կողքին խաղում է թատրոնի հասուն դերասան Մարտուն Ղևոնդյանը: Պիեսում նրա կերպարը չկա, բայց ռեժիսորը կարծել է, որ անհամբեր այցելուի կերպարը, որը պարզվում է՝ հրաշալի լուր ունի, ավելի կհարստացնի սյուժեն: «Ղևոնդյանի կերտած կերպարն էլ ավելի արտահայտիչ դարձրեց այն խնդիրները, որոնք առաջ ենք քաշել»,-հավաստիացնում է Հերգնյանը:

l3.jpg (55 KB)

Ռեժիսորը կարծում է՝ թատրոնում պետք է բեմադրվեն բազմաժանր ներկայացումներ՝ կատակերգություններ, դրամատիկ գործեր և այլն: «Չենք կարող առաջնորդվել մեկ տրամադրությամբ ու տևական ժամանակ հասարակության այս կամ այն հոգեվիճակին համապատասխան ներկայացումներ մատուցել հանդիսատեսին: Մանուկների համար ներկայացումները ևս անհրաժեշտություն են: Պետք է հաշվի առնել, որ մարդիկ ձգտում են թատրոն գնալ, որպեսզի մի քանի ժամով կտրվեն այն իրականությունից, որում ապրում են, իսկ թատրոնը հրաշալի հնարավորություն է տալիս ներկայացնել տարբեր իրականություններ, ստեղծել յուրահատուկ մթնոլորտ ու տրամադրություն, ուստի մեր ներկապնակը հարուստ է, ընտրության հնարավորությունը՝ մեծ»,-հավաստիացնում է Նորայր Հերգնյանը:

l2.jpg (45 KB)

Նրա խոսքով՝ թատրոնում բուռն աշխատանքային գործընթաց է. սիրով խաղում են հին ներկայացումները, բեմադրում նոր գործեր: Հերգնյանը հիշատակում է Ռեյ Բրեդբերիի «Ֆարեհայթ 451» վեպի համանուն բեմադրությունը, որի առաջնախաղը նախորդ տարի է եղել, սակայն այն հաջողություն ունի մինչ օրս: «Բարդ ներկայացում է, շատ դերասաններ են զբաղված, դեկորացիաները հարուստ են, թե՛ երաժշտական, թե՛ նկարչական լուծումները մեծ աշխատանք են պահանջել»,-նշում է ռեժիսորն ու հավելում, որ իրենց հանդիսատեսը յուրահատուկ է. երբեմն ինտելեկտուալ ներկայացումներն ավելի է նախընտրում, քան կոմերցիոն բեմադրությունները, որոնք ևս գոյություն ունենալու իրավունք ունեն:

Հերգնյանը վստահեցնում է, որ անխոնջ աշխատանք են կատարում և հույս ունեն, որ համապատասխան կառույցներն ավելի ուշադիր կլինեն Գավառի թատրոնի նկատմամբ ու կնկատեն այդ ամենը:

«Հիշի՛ր բժիշկ, հիշի՛ր» կատակերգության գլխավոր դերակատարներից է Արմինե Հակոբյանը, որը վերջերս է դարձել Գավառի թատրոնի ընտանիքի անդամ:

l6.jpg (50 KB)

Դերասանուհուն թատրոն է հրավիրել գլխավոր ռեժիսորը: Հակոբյանն ապրում է Երևանում և պարբերաբար ընդգրկվում թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզերի տարբեր թատրոնների ներկայացումներում: Նա մեծ ոգևորությամբ է միացել Գավառի թատրոնի թիմին և միանգամից ընդգրկվել հին ու նոր ներկայացումներում:

Հակոբյանի խոսքով՝ «Հիշի՛ր բժիշկ, հիշի՛ր» ներկայացման հիմնական նպատակը կատակերգության միջոցով սեր քարոզելն է: «Գլխավոր հերոսը բժիշկ է, որը տարօրինակ այցելուներ է ունենում, որոնք նրան շփոթեցնում են, ինչի պատճառով բժշկին սկսում են մեղադրել հիշողության կորստի մեջ, այնինչ իրականում այդպես չէ»,-պատմում է դերասանուհին:

l5.jpg (55 KB)

Նա մարմնավորում է Մարիին, որը բժշկի այցելուներից մեկի քույրն է: Բժշկի հետ շփվելու ընթացքում նրանք սիրահարվում են:

«Կարծում եմ՝ սիրո մասին պետք է խոսել ու հիշեցնել բոլոր ժամանակներում, քանի որ այն շարժիչ ուժ է, փրկության փարոս է տարբեր հարաբերություններում»,-շեշտում է դերասանուհին, որն առաջին անգամ է կատակերգական ներկայացման մեջ խաղում: Միշտ մտածել է, որ ինքը դրամատիկ դերասանուհի է, բայց պարզել է, որ այդ ժանրում ևս կարող է սիրով աշխատել:

Նա շնորհակալություն է հայտնում թատրոնի գլխավոր ռեժիսորին՝ իրեն նման հնարավորություն տալու համար:

l7.jpg (202 KB)

«Հիշի՛ր բժիշկ, հիշի՛ր» կատակերգությունն առաջիկայում բեմում կլինի փետրվարի 27-ին և մարտի 8-ին:

l8.jpg (158 KB)

Այժմ Գավառի թատրոնում ընթանում են Ագաթա Քրիտիի «Մկան թակարդ» ստեղծագործության բեմադրության փորձերը, որը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհի միջոցով, զուգահեռ աշխատում են Յասմինա Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» պիեսի վրա, որի բեմադրությունը վստահել են հրավիրյալ ռեժիսոր Գայանե Անդրեասյանին: Ներկայացումն իրականացվում է Ֆրանսիայի ինստիտուտի «Սաթե աթղը» թատերական միության հետ համագործակցությամբ:

l1.jpg (65 KB)

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գավառի թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում