Սպորտ

Հայաստանի բասկետբոլի թիմի մարզչի օգնականի կարծիքով՝ պետք է ձգտել Ալբանիայի դեմ սեփական խաղը խաղալ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի թիմի մարզչի օգնականի կարծիքով՝ պետք է ձգտել Ալբանիայի դեմ սեփական խաղը խաղալ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ազգային թիմը վերջին մարզումն է անցկացրել աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ալբանիայի դեմ երևանյան հանդիպումից առաջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզահամերգային համալիրում կայացած մարզմանը ներկա չէր հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը: Մարզչի պարտականությունները կատարում էր նրա օգնական Ալեքս Զամպիերը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի հավաքականի մարզչական շտաբին միանալու որոշումը պայմանավորված է գործող մարզիչ Ռեքս Կալամյանի հետ անձնական հարաբերություններով և ծանոթությամբ:

«Նա առաջարկեց, տվեց ինձ այդ հնարավորությունը՝ մարզելու Հայաստանի հավաքականը: Ինձ համար բասկետբոլն ավելին է, քան մարզաձև: Անմիջապես համաձայնեցի միանալ թիմին, երբ ստացա առաջարկը»,-ընդգծեց Զամպիերը:

Նա նկատեց, որ թիմին երկար ժամանակ չէ՝ ճանաչում է, սակայն նախորդ օրերը բավարար էին միմյանց լավ ըմբռնելու համար:

«Հեշտ չէ 4 օրվա ընթացքում նախապատրաստվել նմանատիպ խաղերի: Արել ենք այն, ինչ կարող էինք: Սակայն, բավարար ժամանակ և բավարար փոխարինողներ չունենք: Կանենք ամենն՝ առաջիկա խաղին լավագույնս պատրաստ լինելու համար: Ալբանիայի դեմ պիտի փորձենք մեր խաղը խաղալ»,-ասաց նա:

Բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը զիջել էր Ավստրիային: Հաջորդ հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին` Կարեն Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրում: Խաղը կմեկնարկի 18:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում