Վարչապետն անհրաժեշտություն է համարել հարկ վճարելու հետ կապված վերաբերմունքի փոփոխությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջեով իրականացվող բոլոր ծրագրերից ու դրանց արդյունքում բարելաված ենթակառուցվածքներից օգտվում են նաև արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության հերթական նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների դժգոհություններին՝ կապված եկամտահարկի վճարման հետ։
Վարչապետը նշել է, որ մասնավորապես Գեղարքունիքի մարզում վերջին տարիներին ամբողջությամբ պետբյուջեի միջոցներով, սուբվենցիաներով ճանապարհների, բուժհաստատությունների, դպրոցների, մանկապարտեզների, ոռոգման ու խմելու ջրի, լուսավորության ցանցի անցկացման, կառուցման, նորոգման և հիմնանորոգման հարյուրավոր ծրագրեր են իրականացվել։
«Այս բոլոր ծրագրերից՝ հիվանդանոցներից, ճանապարհներից, դպրոցներից, մանկապարտեզներից, լուսավորությունից օգտվում են նաև արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքները։ Այդ միջոցներն օգտագործվում են դպրոցներ, մանկապարտեզներ կառուցելու, նրանց ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու և դրան զուգահեռ կրթության որակը բարելավելու համար։ Այդ ամենն արվում է արտագնա աշխատանքի մեկնող մեր սիրելի հայրենակիցների երեխաների համար ևս: Ոչ մի տրամաբանություն չկա, որ մեկն ասում է՝ ես չեմ ուզում հարկ վճարել։ Չի լինի այդպես, որովհետև մենք բոլորս պետք է հարկ վճարենք։ Այլ բան, որ հարկային համակարգը պետք է լինի արդարացի։ Նաև ավանդույթի ուժը հաշվի առնելով, կարող ենք ասել՝ սիրելի հայրենակիցներ, կետ ենք ֆիքսում և այդ կետից սկսած մեր վարքը, վարքագիծը փոխում ենք, պետության և քաղաքացու հարաբերությունները փոխում ենք»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ վճարված հարկերը նաև պետք է ծառայեն հարկային համակարգն ավելի մատչելի և հարմարավետ դարձնելուն, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն դժվարությունների առջև կանգնել իրենց հարկային պարտականությունները կատարելու գործում։