Խոստովանություն սիրո և կյանքի մասին. ընթերցողներին ներկայացվեց Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայն» բանաստեղծությունների ժողովածուն
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոեզիա մերօրյա մարդու մասին` տխուր, բայց ոչ հուսահատ. ընթերցողներին ներկայացվեց Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայն» բանաստեղծությունների ժողովածուն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Համլետ Առաքելյանը պատմեց, որ ընթերցողը գրքում կգտնի խոստովանություն ոչ միայն սիրո, այլև կյանքի մասին:
«Սա իմ երրորդ գիրքն է, առաջինն անգլերեն բանաստեղծություններ էր, երկրորդը «Անմահների ակադեմիան» էր, որը ֆենտզի ժանրի վեպ էր, այն նախորդ տարի դարձավ բեսթսելեր, իսկ այսօրվա գիրքն իմ արդեն երրորդ գիրքն է և առաջին հայերեն բանաստեղծությունների ժողովածուն: Ես ինձ առաջնային պոետ եմ համարում, քանի որ իմ ուղին սկսել եմ որպես պոետ: «Ինչ տխուր է սակայն» ժողովածուում տեղ գտած բանաստեղծությունները չեն գրվել վերջին տարիներին, սրանք իմ տարբեր տարիներին գրված հայերեն բանաստեղծություններն են՝ հավաքված մեկ ժողովածուում»,-ասաց հեղինակը:
Գրքի խմբագիր Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ Համլետի հետ ընկերներ են շատ վաղուց և չէր մտածում, որ մի օր կդառնա նրա պոեզիայի գրքի խմբագիրը:
«Բայց ինչպես ասում են՝ պոետին պոետն է խմբագրում: Հրաշալի գիրք է ստացվել, որը տարբեր բաժիններից է կազմված, որոնք ոչ թե առանձնացված են ըստ թեմաների, այլ ըստ զգացողությունների: Համլետի պոեզիայում մի քանի կարևոր բաղադրիչներ կան. նրա բանաստեղծությունները և՛ կոնցեպտուալ են, և՛ վիզուալ են, և՛ խոստովանական տեքստեր են: Խոստովանական է, քանի որ նա իր բանաստեղծություններում շատ անձնական թեմաներից է խոսում, ինքնակենսագրական որոշ դրվագներ է քննում, կոնցեպտուալ են, որովհետև դրանք շատ ինտելեկտուալ են, որոնք Համլետի պոեզիան հասցնում են վիզուալ իրականություն»,-նշեց խմբագիրը:
Անդրադառնալով գրքում օգտագործված ջնջելու տեխնիկային՝ խմբագիրը նշեց, որ այստեղ ջնջված են բառեր, կապակցություններ, նախադասություններ, նաև՝ ամբողջական բանաստեղծություններ, այսինքն` կան բաց թողնված էջեր, որոնցով բանաստեղծն ուզում է ընդգծել, որ այն, ինչ չի ասվել, ավելի կարևոր է ասվածից:
«Եթե տեսնեք՝ գրքում բազմաթիվ բազմակետեր կան, անգամ կետադրություն չկա, այսինքն` ամեն ինչը ջնջված է գրքում և սրանով Համլետը քննում է ներկայության և բացակայության սիմվոլները՝ անդրադառնալով այն մարդկանց, որոնք մեզ հետ են և այն մարդկանց, որոնք մեզնից գնում են»,-ասաց գրքի խմբագիրը:
Շնորհանդեսին հեղինակը և ընկերները` Անի Խաչիկյանը, Մանե Մխոյանը, Հրաչուհի Ութմազյանը և Տաթև Հովակիմյանն ընթերցեցին գրքից հատվածներ։