Սպորտ

Մարզային ֆուտբոլում խնդիրների լուծման համար համակարգային փոփոխություններ են պետք. Արաս Օզբիլիզն այցելել է Գեղարքունիքի մարզ

3 րոպեի ընթերցում

Մարզային ֆուտբոլում խնդիրների լուծման համար համակարգային փոփոխություններ են պետք. Արաս Օզբիլիզն այցելել է Գեղարքունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու, Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզն այցելել է Գեղարքունիքի մարզ, ծանոթացել մարզային ենթակառուցվածքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայրիվանքում, Նորատուսում, Գեղարքունիքում, Լիճքում, Երանոսում, Կարմիրգյուղում և Մարտունի քաղաքում Օզբիլիզը շփվել է երեխաների, ծնողների և ուսուցիչների հետ, լսել նրանց առաջարկներն ու դժգոհությունները։

IMG_7388.jpg (251 KB)

«Մարզային ֆուտբոլում խնդիրները շատ են, և դրանց լուծման համար համակարգային փոփոխություններ են պետք։ Պատրաստ եմ միջազգային փորձը Հայաստանում կիրառել, այնպես անել, որ առաջիկա տարիներին արդյունքը տեսանելի լինի։ Այս այցերն ինձ համար շատ կարևոր են՝ հասկանալու այն խնդիրները, որոնց պատճառով մարզերում ֆուտբոլը չի զարգանում»,- նշել է ՀՖՖ նախագահի թեկնածուն։

IMG_7419.jpg (165 KB)

Հայրավանք գյուղում Արաս Օզբիլիզը երեխաների հետ նաև կարճ պարապմունք է անցկացրել։ Օզբիլիզը նշել է, որ գյուղերում տաղանդավոր և աչքաբաց երեխաներ են մեծանում, և եթե համակարգված մարզումներ լինեն, առաջնություններ անցկացվեն, ֆուտբոլն այդ երեխաների առօրյայի անբաժանելի մասը կդառնա։

IMG_7546.JPG (242 KB)

Օզբիլիզի հետ հանդիպման ժամանակ Նորատուսի բնակիչները ներկայացրել են իրավիճակը, ասել, որ մի քանի տարի առաջ շահագործված մարզադաշտը կահավորված չէ ստանդարտներին համապատասխան, ճաղավանդակներն այնքան ցածր են, որ գնդակը հաճախ սեփական տների բակեր է հասնում, ապակի կոտրում։

«Հիմնական խնդիրը կապված է ճաղավանդակների հետ։ Գնդակներն այս ու այն կողմ ուղարկելով` երեխաները հարևաններին մեծ վնաս են տալիս։ Շատ ցանկալի կլիներ այն բարձրացնեին, մյուս կողմից, եթե գյուղում մարզիչ լիներ, գուցե երեխաները ֆուտբոլում մեծ հաջողություններ ունենային»,- նշել է Նորատուսի բնակիչ Վահան Կոկոյանը։

IMG_7691.JPG (232 KB)

Գեղարքունիքի մարզի ֆուտբոլային ենթակառուցվածքներ ունեցող գրեթե բոլոր գյուղերում Արաս Օզբիլիզը նույն խնդիրն է արձանագրել՝ մինի մարզադաշտերը կառուցվել են տարբեր խախտումներով, շահագործումից հետո չեն սպասարկվել, արդյունքում հայտնվել են անմխիթար վիճակում։ Մյուս կողմից՝ համակարգված մարզումների բացակայության պայմաններում երեխաները մարզադաշտերն օգտագործում են այլ նպատակներով, ֆուտբոլ էլ խաղում են սիրողական մակարդակում՝ իրենց առջև չունենալով նպատակ մասնակցելու առաջնությունների։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուն շարունակելու է մարզային այցերը։ Հանուն ֆուտբոլային Հայաստանի, Արաս Օզբիլիզը խոստացել է ջանք ու եռանդ չխնայել․ համակարգային խնդիրներն ուսումնասիրել, առաջարկել դրանց լուծման ուղիներն ու նաև դրանով նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը։

IMG_7891.JPG (249 KB)

IMG_7592.JPG (227 KB)

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում