ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Արտիսիմո» ՀԿ «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում բացվել է «Նունիկի սենյակ» խորհրդանշական անվանումը կրող զգայական ինտեգրման թերապիաների սենյակը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մարտունու համայնքապետարանից՝ նորաբաց սենյակը ծառայելու է թե՛ առանձնահատուկ, թե՛ բնականոն զարգացում ունեցող երեխաների վերականգնողական բուժմանն ու հասարակության մեջ ինտեգրմանը։ «Արտիսիմո» ՀԿ նախագահ Էկա Հորստկայի խոսքերով՝ Մարտունու համայնքապետարանի կողմից «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնին անհատույց տրամադրվել է սենյակ, որը վերանորոգվել և մասնակի կահավորվել է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմի ցուցադրությունից գոյացած շահույթով, իսկ բազմաֆունկցիոնալ զարգացնող խաղերն ու գույքը ձեռք են բերվել Գևորգ Օհանյան և Ջուլիետա Թաշչյան ամուսինների կողմից։
«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը Մարտունիում իր գործունեությունը սկսել է 6 տարի առաջ՝ Մարտունու մշակույթի տան տարածքում։ «Արտիսիմո» ՀԿ ջանքերով այդ ընթացքում շուրջ 20 մասնագետ վերապատրաստվել են և ստացել նեղ մասնագիտացում ՝ ութ թերապիաների ուղղությամբ։
Թե՛ երեխաների ծնողները, թե՛ վերապատրաստված ու կենտրոնում աշխատանքի անցած մանկավարժները շատ են կարևորում «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի, զգայական ինտեգրման թերապիայի սենյակի դերն ու նշանակությունը։
«Զգայական ինտեգրման ուղղությամբ ձեռնարկված մեր գործողությունները նկատելի արդյունք են ապահովում, ուստի ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Մարտունու համայնքապետարանին՝ տարածքի անհատույց տրամադրման համար, և այն դոնոր կազմակերպություններին ու բարերարներին, որոնց օժանդակությամբ վերապատրաստում են անցել հատուկ մանկավարժները և աշխատանքի համար վարձատրվում են դարձյալ դոնորների կողմից, քանի որ մեզ մոտ նման ծառայությունների մատուցումն անվճար հիմունքներով է իրականացվում»,-ներկայացրեց Էկա Հորստկան։
«Վերապատրաստումը չափազանց կարևոր դեր ունեցավ իմ մասնագիտական աշխատանքում։ Այժմ ես աշխատում եմ աուտիզմ ունեցող երեխաների հետ, ու «Նունիկի սենյակի» բացման շնորհիվ շարունակվում է առանձնահատուկ խնդիրներ ունեցող երեխաների զգայական ինտեգրումը, ինչի արդյունքում երեխաներն ու իրենց ծնողները հաղթահարում են կյանքում իրենց առաջ կանգնած դժվարությունները։ Չպետք է մոռանալ, որ մինչ «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի հիմնումը Մարտունի համայնքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնդիրները տեղում հաղթահարելու հնարավորություն չի եղել»,-նշեց «Ոսկեփորիկ» կենտրոնի հատուկ մանկավարժ-հոգեբան Անի Մալխասյանը։
Խոսրով Խլղաթյան