ԳԱՎԱՌ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Զովաբեր, Դդմաշեն, Գեղամավան, Վարսեր եւ Գագարին բնակավայրերի միջնակարգ դպրոցներում եւ վարչական շենքերում օրերս արդեն տեղադրվել են թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ` խթանելով թափոնների տեսակավորման նոր մշակույթի ձեւավորմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքներն իրականացվել են «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի եւ Սեւանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում` «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով Գագարին համայնք» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը կյանքի է կոչվել «Համայնքների կայուն զարգացման նորարար լուծումներ» ՀԿ-ի եւ Հայաստանում Նիդերլանդների թագավորության միջեւ կնքված «Ընդլայնվելով դեպի Գագարինի հովիտ» նոր ծրագրի համագործակցության համաձայնագրով:
Ծրագրի շրջանակներում «Գագարին» նախագծի 5 բնակավայրերի՝ Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, համայնքային բոլոր կառույցներում, իսկ Ծաղկունք բնակավայրի բոլոր տնային տնտեսություններում տեղադրվել են աղբի տեսակավորման արկղեր։ Այս ծրագրով գործնական ընթացք է ստանում վերոնշյալ բնակավայրերում աղբի հավաքման եւ վերամշակման մշակույթի ներդրման նախաձեռնությունը, որը նպատակն է՝ զրոյացնել տարածքում կենցաղային աղբի կուտակումն ու աղբավայրերի գոյացումը։
«Ծաղկունք համայնքի 180-ից ավել տնտեսությունում, Սեւանի համայնքապետարանում, Ծաղկունք բնակավայրի վարչական նստավայրում եւ այլ կառույցներում նախորդ ամիսներին տեղադրվել են թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ՝ նպաստելով համայնքում թափոնների տեսակավորման մշակույթի ձեւավորմանը եւ տարածմանը:
Ծրագիրն ուղղված է յուրաքանչյուր բնակչին, քանի որ մաքուր, անվտանգ, բարեկարգ, ներկայանալի միջավայր ունենալը սկսվում է բակ ու փողոցից, եւ երկրի նկատմամբ սերն էլ արտահայտվում է կոնկրետ գործողություններով:
Ծրագրի շրջանակներում եւ դրանից հետո էլ ակնկալվում է բնակավայրերում թափոնների տեսակավորման գործում քաղաքացիների մասնակցության եւ ներգրավվածության ավելացում, որի մեկնարկը տրվել է տեսակավորման աղբարկղերի տեղադրման և իրականացվող միջոցառումների շնորհիվ»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։