ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նարեկացիական ընթերցումներ» երկօրյա գիտաժողովը, որը 2023-ին նվիրված է գիտաժողովի երջանկահիշատակ հիմնադիր Հրաչյա Թամրազյանի ծննդյան 70-ամյակին, մեկ հարթակում է համախմբում Հայաստանի և արտերկրի լավագույն մասնագետներին՝ հայագետներին, բանասերներին, թարգմանիչներին և փորձի փոխանակման հիանալի առիթ դառնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին Մատենադարանում:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շեշտեց, որ կառույցի մի շարք նշանակալի իրադարձություններ, ավանդական միջոցառումներ 2023-ին նվիրվում են Հրաչյա Թամրազյանին, բացառություն չէ «Նարեկացիական ընթերցումներ» գիտաժողովը:
«Մենք օրեր առաջ ամփոփեցինք Երիտասարդական գիտաժողովը, որը ևս նվիրված էր Հրաչյա Թամրազյանին: Բոլորս հիշում ենք, թե ինչ մեծ կարևորություն էր պարոն Թամրազյանը տալիս այդ երկու նախաձեռնություններին: Երիտասարդական գիտաժողովը փայլուն հարթակ էր դրսևորվելու երիտասարդական կադրերի, ներուժի, տեսնելու այդ ներուժը, ստեղծելու պայմաններ այդ ներուժի լիարժեք դրսևորման ու կատարելագործման համար: Մատենադարանի նման կառույցը չէր կարող չանդրադառնալ մեր հոգևոր արժեքների, հայ միջնադարի հոգևոր ժառանգության այնպիսի մեծությանը, գագաթին, ինչպիսին է Գրիգոր Նարեկացին: Անսպառելի է Նարեկացու ժառանգությունը, հետևաբար անսպառելի է նրա շուրջ ծավալվող գիտական քննարկումը: Շնորհիվ գիտաժողովի՝ մենք հասու դարձանք ու հնարավորություն ունեցանք տարբեր տարիների ընթացքում առնչվելու միջազգային հայագետների հետ, յուրացնելու նրանց գիտական փորձը»,-ասաց տնօրենը:
Խզմալյանը ողջունեց բանասեր, հայագետ Աբրահամ Տերյանին, որն արտերկրից էր ժամանել Հայաստան: Նա տեղեկացրեց, որ Տերյանն անգլերենով հրատարակել է Նարեկացու «Մատեան ողբերգութեան»-ը՝ ծանրակշիռ գիտական ապարատով, հասկացական համակարգով, ծանոթագրություններով:
Աբրահամ Տերյանը գիրքը նվիրել է Հրաչյա Թամրազյանի հիշատակին, ինչի համար Մատենադարանի ամբողջ աշխատակազմի անունից Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց նրան՝ նշելով, որ երախտապարտ են Տերյանին միջնադարանագիտական ժառանգության միջազգայնացման գործում ունեցած լուրջ ներդրման համար:
Արա Խզմալյանը հիշեցրեց Կորյունի «Վարք Մաշտոցի» անգլերեն թարգմանության մասին, որի հեղինակը ևս Աբրահամ Տերյանն է, ընդգծելով, որ այն ևս մեծ կարևորություն ունի:
Որպես երախտագիտության նշան Խզմալյանը հայ միջնադարյան մատենագրության ուսումնասիրության և միջազգայնացման համար Մեսրոպ Մաշտոց հուշամեդալ շնորհեց Աբրահամ Տերյանին:
«Գիրքը լույս տեսավ 2021 թվականի դեկտեմբերին: Նախորդ տարվա դեկտեմբերին էի ցանկանում այստեղ կազմակերպել շնորհանդեսը, սակայն առողջական խնդիրների պատճառով հետաձգվեց: Հետաձգումը նախախնամություն ուներ, որովհետև այս միջոցառումը զուգադիպեց Թամրազյանի ծննդյան 70-ամյակի հետ»,-նշեց Աբրահամ Տերյանը:
Նա հավաստիացրեց, որ Նարեկացի թարգմանելը Նարեկի հետ աղոթելու լավագույն միջոցն է: «Ինչքան մարդ կարդա, աղոթի ու թարգմանի, այն հանգրվանին կհասնի, որ ընթերցողը կամ թարգմանիչը հեղինակի հետ կմտածի, կթափանցի նրա միտք»,-շեշտեց հայագետը:
Գիտաժողովն անցկացվում է 2015 թվականից: Մատենադարանի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի խոսքով՝ «Նարեկացիական ընթերցումներ»-ի անցկացումը խիզախություն է, իսկ իրագործումը՝ սխրանք, հատկանիշ և գործ, որոնք այնքան բնորոշ են Հրաչյա Թամրազյանին:
«Նարեկյան առաջին ընթերցումների ներկաները, որոնցից շատերն այսօր այստեղ են, կփաստեն, որ այն գիտական տոնախմբություն էր: Մեզ բախտ էր վիճակվել կողք կողքի տեսնելու նարեկագիտության երեք խոշոր սյուներին՝ Հրաչյա Թամրազյանին, Հայր Լևոն Զեքիյանին, Ժան-Պիեռ Մահեին, որոնց դերը վճռորոշ է եղել Գրիգոր Նարեկացուն՝ Տիեզերական վարդապետ հռչակելու գործում, կողք կողքի տեսնելու և ըմբոշխնելու նրանց բանաստեղծական ստեղծագործությանը հարող գիտական զեկուցումները, որոնք սահմանեցին գիտականության այնպիսի չափանիշ, որին հասնելը կլինի նպատակ «Նարեկացիական ընթերցումներ»-ի համար»,-նշեց նա:
Թորոսյանի հավաստիացմամբ՝ «Նարեկացիական ընթերցումներ»-ը դարձան Մատենադարանի ամենանշանակալի իրադարձություններից և կարևոր է, որ այն Վահան Տեր-Ղևոնդյանի տնօրինության ժամանակ ունեցել է շարունակություն և 2016, 2019 թվականներին ևս անցկացվել է: «Գրեթե քառամյա դադարից հետո մենք ազդարարում ենք «Նարեկացիական ընթերցումների»-ի վերածնունդն այն համոզմամբ, որ այն ամեն տարի համախմբելու և տոնախմբելու է հայագետների, միջնադարանագետներին Տիեզերական սրբալույս վարդապետի ու նրա անմահ ստեղծագործության շուրջ»,-շեշտեց Վահե Թորոսյանը:
Միջոցառմանը մի շարք ելույթներ և զեկույցներ եղան, խոսվեց և՛ Գրիգոր Նարեկացու մեծության, և՛ Հրաչյա Թամրազյանի գործունեության մասին:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում քննարկվելու են «Գրիգոր Նարեկացու Մատեանը և մեկնությունները», «Գրիգոր Նարեկացու Մատեանը և հայ միջնադարյան ձեռագրական ավանդույթը», «Նարեկյան դպրոցը և նրա ազդեցությունը հայ միջնադարում» և այլ թեմաներ: