Հասարակական

Հայ Առաքելական եկեղեցին հիշատակել է հայոց առաջին լուսավորիչների տոնը. Գարեգին 2-րդը Սուրբ Գեղարդով օրհնել է ժողովրդին

2 րոպեի ընթերցում

Հայ Առաքելական եկեղեցին հիշատակել է հայոց առաջին լուսավորիչների տոնը. Գարեգին 2-րդը Սուրբ Գեղարդով օրհնել է ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 2-ին հիշատակել է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրվա կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և բազմաթիվ ուխտավորներ:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուռ-մկրտարան է բերել աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնելով ուխտավոր հայորդիներին։

Հայր Մովսեսն ընդգծել է, որ առաքյալների տոնը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ մեր սերն ու հավատարմությունը վերահաստատելու և հայրերի ու վարդապետների թողած ժառանգությանն ու բարոյական արժեքներին հավատարիմ մնալու ուխտի օր է։

Վերջում Հայր Սուրբը հորդորել է հավատացյալներին՝ աղոթքով հայցել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդողիմեոս առաքյալների բարեխոսությունը հայ ազգի համար, որպեսզի Աստված առաքելական հավատքի մեջ զորացնի ու պահպանի հայ ժողովրդին և աստվածամուխ Սուրբ Գեղարդը շարունակի հրաշագործել հայոց կյանքում՝ ի պայծառություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայրենիքի։

Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով և Սուրբ Գեղարդով օրհնել է ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն է ընձեռվել երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մատուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում