Հիմնանորոգվել է Թթուջուր գյուղի վարչական շենքը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղում ավարտին են մոտենում բնակավայրի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթանում են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Թթուջրի վարչական շենքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը ։
Ծրագրով նախատեսված է վարչական շենքի տանիքի, հատակի, աստիճանների նորոգում, ներքին հարդարում, նոր դռների եւ լուսամուտների տեղադրում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից եւ նույն տարվա նոյեմբերի 29-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն Թթուջրի վարչական շենքում գործող կազմակերպությունների՝ գրադարանի, բուժկետի, փոստի, անասնաբուժական ծառայության աշխատանքային պայմանները։
Թթուջրի վարչական շենքի շինհրապարակում երեկ մշտադիտարկում են անցկացրել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Ճամբարակի համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։
Խոսրով Խլղաթյան