Գիտությունը՝ տնտեսության արտադրողականության բարձրացման միջոց. ինչ կտան Հայաստանին «Գիտության և գործարարության օրեր»-ը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը մի հարկի տակ կհավաքի անվանի գիտնականների, գործարարների ու պաշտոնյաների՝ օգնելու կամրջել գիտության և գործարարության ոլորտները, պարզել, թե ինչ և ինչպես անել, որ բիզնեսը երկրում դառնա ավելի գիտելիքահեն, հետևապես տնտեսությունը՝ ավելի բարձր արտադրողական:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից նախաձեռնված և արդեն երկրորդ տարին անցկացվող երկօրյա համաժողովին (դեկտեմբերի 1-2) ընդառաջ ասուլիսով հանդես եկան Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու համաժողովի պատվավոր հյուր աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբը:
«Համաժողովը նպատակ ունի գիտնականների, բիզնեսմենների և այլ հետաքրքրված անձանց միջոցով պարզել, թե ինչպես պետք է անել, որ Հայաստանում բիզնեսը դառնա ավելի գիտելիքահեն, տնտեսությունը դառնա ավելի նորարար, մրցունակ»,-ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Համաժողովին ելույթ կունենան բազմաթիվ բանախոսներ՝ այդ թվում հայտնի գիտնականներ:
Համաժողովի պատվավոր հյուր Նասիմ Թալեբը մեծ պատիվ համարեց Հայաստանում այս կարևոր համաժողովին մասնակցելը: Թեև առաջին անգամ էր Հայաստանում, սակայն, ինչպես ինքն ասաց՝ զգում է ինչպես տանը:
«Ինձ համար կրկնակի ուրախություն է, որ ես «Գիտության և գործարարության օրեր 2023»-ին եմ ներկա գտնվելու:Ես ինձ համարում եմ գործարար: Այսինքն՝ որպես գործարար եմ անցել գիտության ճանապարհը: Այս ճանապարհն այնքան ստանդարտ չի եղել, ոչ ավանդական կերպով եմ գնացել: Սովորաբար այլ անցում են կատարում դեպի գիտություն, իսկ իմ ճանապարհը տարբերվել է: Երբ գիտությունից գալիս եք իրականություն, դա մեկ այլ բան է, իսկ երբ իրականություն եք գալիս գիտություն, բոլորովին այլ բան է, սա լիովին այլ աշխարհ է»,-ասաց Նասիմ Թալեբը:
Անվանի գիտնականը նկատեց՝ երբեմն գիտությունը դիտարկում են որպես վերացական մի երևույթ, որն իրականությունից կտրված է: Սակայն դա այդպես չէ: «Մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում և պետք է կենտրոնանանք այն գիտելիքի վրա, որն իսկապես պրակտիկորեն կարելի է կիրառել, այլ ոչ այն գիտելիքի, որը դասագրքային է և տեսական բնույթ է կրում»,-ասաց Թալեբը:
Զարգացման ուղի բռնած տարբեր երկրներ, տարբեր կազմակերպություններ, ըստ նրա, հաճախ սխալ են կատարում. բացում են մեկ համալսարան, ոչ թե դպրոցներ, ավագ դպրոցներ, քոլեջներ: «Պետք է կենտրոնանալ տեխնիկական, պրակտիկ, գործնական գիտելիքների վրա: Դա կարևոր կլինի նաև Հայաստանի համատեքստում»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե գիտության և գործարարության ոլորտների փոխգործակցությունն ի՞նչ կտա երկրի տնտեսությանը, ի՞նչ չափով կարող է ազդել տնտեսական աճի վրա՝ Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ Հայաստանի տնտեսական քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ: Կառավարության բոլոր գործողությունները, բոլոր ծրագրերն ուղղված են նրան, որ ընկերությունները դառնան ավելի բարձր արտադրողական, ավելի արդյունավետ:
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ է ընկերությունների արդիականացումը: Նախարարը հիշեցրեց կառավարության՝ տնտեսության արդիականացմանն ուղղված մասշտաբային ծրագրի մասին:
«Մենք նախաձեռնություններ ունենք՝ ընկերություններն օժանդակելու թվայնացման ուղղությամբ, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ: Բայց պետք է նշել նաև, որ ընկերությունների կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացումն ու գիտության ներծծումն իրենց բիզնեսի մեջ, տալիս է մրցակցային առավելություն ամբողջ աշխարհում, դարձնում է ավելի բարձր արտադրողական, ավելի մրցունակ, ավելի շատ շուկաների հասանելիություն ունեցող և այլն: Այդ առումով մեզ համար շատ կարևոր է, որ ընկերությունները գիտությանը չվերաբերեն որպես վերացական և իրական կյանքի հետ կապ չունեցող երևույթի, այլ հակառակը՝ ներդրումներ անեն գիտահետազոտական աշխատանքների մեջ, ստանան իրենց համար ցանկալի արդյունքները, որը կարողանան հետո կիրառել իրենց արտադրանքի, իրենց ծառայությունների մեջ և դառնան ավելի բարձր արժեք ունեցող, ավելի մրցունակ արտադրանք արտահանող կամ վաճառող ընկերություններ»,-ասաց Քերոբյանը:
Նախարարը կարևորեց համաժողովը՝ մեկ հարկի տակ հավաքելու գիտնականներին, գործարարներին, պետական պաշտոնյաներին՝ հասկանալու, թե ինչպես միավորել այս երեք համայնքներին՝ ստանալու ավելի բարձր արտադրողական տնտեսություն: