Մայր բուհում աշխատանքն սկսեց ուսանողական առաջին փորձարարական հեռուստատեսությունը` Innomedia-ն
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում նոյեմբերի 29-ից իր գործունեությունն է սկսում առաջին ուսանողական ինովացիոն հեռուստաընկերությունը՝ Innomedia-ն։ Օրվա ընտրությունը պատահական չէ, 67 տարի առաջ հենց այս օրը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության առաջին եթերը, և արդեն 2-րդ տարին է, ինչ այս օրը նշվում է որպես հեռուստատեսության աշխատակցի օր։
Օրվա խորհուրդը կարևորելով՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի մտքում ծնվեց ինովացիոն հեռուստատեսություն ստեղծելու գաղափարը։
«Այս իրադարձությունը շատ կարևոր է ոչ միայն մեր ֆակուլտետի, այլև ամբողջ համալսարանի համար։ Դեռ տարիներ առաջ, երբ ես էի ուսանող, չկար այս հնարավորությունը, բայց այժմ մեր օրերում շատ կարևոր է քայլել ժամանակին համընթաց: Ուստի Innomedia-ն անհրաժեշտություն էր։ Շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալ եմ թե՛ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, թե՛ համալսարանի ղեկավար կազմին` աջակցության համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մարտիրոսյանը:
Ուսանողական հեռուստաընկերության նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան ինքնադրսևորվել՝ զարգացնելով իրենց մասնագիտական կարողությունները։ Շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Ուսանողները հաճախ նեղվում էին գործնական դասերի սակավությունից, սա մի նոր հնարավորություն է ուսանողների համար, որովհետև նրանք իրենց ստացած տեսական գիտելիքները կիրացնեն այստեղ` գործնական աշխատանքների տեսքով», - նկատեց ռեկտորը։
Առցանց հեռուստատեսության բացմանը ներկա էր նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Բարի նախանձով եմ նայում, թե ինչ է ստեղծվել, որովհետև մեր ուսումնառության տարիներին չկար նման հնարավորություն, իսկ այժմ մեր ուսանողները ունեն աջակցություն, որը հնարավորություն կտա էլ ավելի վարժվելու այս ոլորտում և հետագայում դառնալու մեր գործընկերները», - հավելեց Մովսիսյանը:
Innomedia-ի ստեղծման գործում մեծ ներդրում ունեն ուսանողները, որոնք ղեկավար կազմի հետ ամեն բան արել են` հաջողությունն անխուսափելի դարձնելու համար։
Հյուրերի թվում էին նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, առաջին հայկական յութուբյան հեռուստաալիքի հիմնադիր Արայիկ Մանուկյանը, այլք։
Հյուրերի և միջոցառման մասնակիցների ներկայությամբ հանդիսավորությամբ թողարկվեց նոր հեռուստաընկերության առաջին եթերը։