Տնտեսություն

Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակի բարձրացման ճանապարհը նրա բնական ռեսուրսները զարգացնելն է․ ոլորտի պատասխանատուների տեսակետները

6 րոպեի ընթերցում

Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակի բարձրացման ճանապարհը նրա բնական ռեսուրսները զարգացնելն է․ ոլորտի պատասխանատուների տեսակետները

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի կարծիքով՝ այժմ Հայաստանի էներգետիկ համակարգը 70 տոկոսով կախված է այլ պետություններից ներկրվող էներգետիկ ռեսուրսներից, բայց եթե ՀՀ-ն հնարավորություն ունենա արտադրել ավելի շատ սեփական էներգիա, ապա դա կնշանակի նաև ավելի շատ անկախություն և ինքնիշխանություն։

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Ալելոն ելույթ ունենալով «Հայաստանի էներգետիկ շաբաթ-2023» համաժողովում՝ նշեց, որ երեսուն տարի շարունակ ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում է Հայաստանի հետ՝ խթանելով տնտեսական աճն ու սոցիալական ոլորտի բարեփոխումները։

Alelo.jpg (425 KB)

«Մենք ընդունում ենք, որ հատկապես էներգետիկ ոլորտն առաջ մղող առաջնային ուժ է հասարակության համար և կարող է բարձրացնել երկրի սուվերենությունը։ Հայաստանը մաքուր էներգիայի արտադրության ոլորտում զգալի ներուժ ունի, առաջին հերթին արևային էներգիայի արդյունավետության տեսանկյունից։ Համապատասխան ռեսուրսների օգտագործումը կնվազեցնի վառելիքային կախվածությունն այլ երկրներից։ Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ն սատարել է Հայաստանի կառավարությանը, ինչի շնորհիվ հաջողվել է ապահովել տպավորիչ առաջընթաց էներգետիկ փոխակերպման ոլորտում։ Աշխատանքը շահագրգիռ կողմերի հետ շարունակվում է, որպեսզի մենաշնորհից ազատվի էլեկտրաէներգիայի շուկան և սպառողներին մատուցվեն այլընտրանքային տարբերակներ։ Հետևաբար` էներգետիկ ոլորտի հետագա զարգացման համար անհրաժեշտ է կյանքի կոչել այնպիսի սցենարներ, որոնք միտված են էներգետիկ արդյունավետությանն ու էներգախնայողությանը»,- նշեց Ալելոն։

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում իրականացվել են համատեղ ծրագրեր, որոնք նպաստել են էներգետիկայի ոլորտի զարգացմանը՝ ներառելով նոր, առաջին հերթին տվյալ ոլորտի համար կառավարման և կարգավորման օրենսդրական շրջանակներ՝ դրանք համապատասխանեցնելով Եվրամիության գործընկերների կողմից սահմանված չափանիշներին։

«Մենք վերանայել ենք Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը՝ ընդգծելով մաքուր էներգիայի օգտագործման առաջնահերթությունը։ Հաշվի ենք առնում նաև ատոմային էներգետիկայում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը։ Նախատեսում ենք էներգետիկ ոլորտի ուսուցման ծրագրեր եկող սերնդի մասնագետների համար՝ համագործակցելով մասնավորապես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ»,- եզրափակեց Ալելոն։

Համաժողովում ելույթ ունենալով՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանն իր հերթին նշեց, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը չափազանց կարևոր է ժամանակակից աշխարհին համաքայլ առաջ շարժվելու, էներգետիկ անկախության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։

Budaghyan.jpg (449 KB)

«Հայաստանի էներգետիկայի բնագավառն այժմ առաջնորդվում է 2001 թվականին ընդունված «Էներգետիկայի մասին» օրենքով, մինչդեռ այս ոլորտում առկա և գալիք մարտահրավերներին դժվար կլինի դիմակայել 2000-ականներին մշակված գործիքակազմով։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ մեր երկրի և ԵՄ-ի միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված էներգետիկայի ոլորտի օրենսդրության ԵՄ դիրեկտիվների մոտարկման նպատակով ԱՄՆ-ի ՄԶԳ զարգացման ծրագրի աջակցությամբ մշակվել են երկու նոր օրենքների նախագծեր՝ էլեկտրաէներգետիկայի մասին և վերականգնվող էներգետիկայի արդյունավետության մասին, որոնք ներկայացվել են շահագրգիռ կողմերի քննարկմանը»,- նշեց բանախոսը։

Նրա տեղեկացմամբ՝ նշված օրենքների նախագծերով առաջարկվում են հիմնարար բարեփոխումներ, որոնք ուղղված են էներգետիկ շուկայի ամբողջական ազատականացմանը, վերականգնվող էներգիայի աղբյուրների արդյունավետության ներուժի յուրացմանը և Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխշահավետ առևտրի զարգացմանը։

«2022 թվականի տվյալներով՝ Հայաստանը ներկրվող վառելիքներից կախված է 73 տոկոսով։ Խոսքն այս դեպքում ոչ միայն էլեկտրաէներգետիկայի ոլորտի մասին է, այլև ընդհանուր էներգետիկ անկախության, որը հաշվի է առնում նաև Հայաստանի կախվածությունը բնական գազից, ներկրվող մնացած նավթահումքային վառելիքներից։ Մեր ունեցած բնական ռեսուրսները Հայաստանի վերականգնվող էներգետիկ ռեսուրսներն են և էներգետիկ անկախության մակարդակի բարձրացման ճանապարհն այդ ռեսուրսները զարգացնելն է։ Հիդրոէներգետիկ ռեսուրսների ներուժը հիմնականում իրացված է։ Արևային կայանների մասով էներգետիկ ռազմավարության երկու թիրախ է սահմանվել 2000մգ/վ 2030 և 2500մգ/վ՝ 2040 թվականին։ Այստեղ Հայաստանն անսահման ներուժ ունի, սակայն դա իրացնելու համար առկա են տարբեր խնդիրներ»,- նշեց Բուդաղյանը։

Նրա դիտարկմամբ՝ եթե 2022 թվականին ներքին սպառման համար արտադրված էլեկտրաէներգիայի մեջ գազային կայաններն ունեցել են շուրջ 30 տոկոս կշիռ, ապա թիրախներին հասնելու դեպքում 2030 թվականին այն կրկնակի կնվազի և կկազմի 15 տոկոս, ինչը նշանակում է, որ արդեն 2030 թվականին ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգը կկարողանա երկրի ներքին պահանջարկի 85 տոկոսն ապահովել իր ատոմակայանի և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների հաշվին։ Արդյունքում Հայաստանի էներգետիկ անկախությունը 27 տոկոսից կհասնի 35 տոկոսի։

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում