ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-24-ը Բրյուսելում մասնակցել է «Տարերային, տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի շրջանակներում Ֆինլանդիայի արտակարգ իրավիճակների ծառայության ակադեմիայի և Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հայաստանյան պատվիրակության կազմում միջոցառմանը մասնակցել են նաև ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը և ՆԳՆ ՓԾ պատասխանատու ոլորտների ծառայողներ։
Ըստ աղբյուրի՝ աշխատաժողովի օրակարգում Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ակտիվացման գործընթացի ապահովման, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգման կենտրոնին առնչվող հարցերն էին, որոնց քննարկման նպատակն էր գործընկեր երկրների բարձրաստիճան սպայակազմին ծանոթացնել աղետների ժամանակ միջազգային օգնություն ակնկալելու և Եվրոպական բնակչության պաշտպանության մեխանիզմն ակտիվացնելու վերաբերյալ որոշում կայացնելու ընթացակարգերին։
Նշվում է, որ այցի շրջանակներում ՓԾ տնօրենը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների ծրագրի Գլխավոր տնօրինության, Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգման կենտրոնի ղեկավարության և առաջատար մասնագետների հետ։