Հասարակական

Շիրակի մարզում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր

3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր

ԳՅՈՒՄՐԻ,23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի համայնքների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 32 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 130 ենթածրագրերով, որից հաստատվել է 27 ծրագիր՝ 108 ենթածրագրերով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանից՝ ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմում է 7 մլրդ 477 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 3 մլրդ 895 մլն դրամ (52%), համայնքի բյուջեի ֆոնդային մասը՝ 3 մլրդ 492 մլն (46.8%) և այլ ներդրողներ՝ 89 մլն (1.2%)։ Ծրագրեր են իրականացվում 42 բնակավայրում։

Շիրակի մարզպետարանի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը տեղեկացնում է, որ ծրագրային ոլորտները բազմազան են՝ ոռոգման ու խմելու ջրագծեր, փողոցների լուսավորություն, ասֆալտապատում, գազաֆիկացում, մանկապարտեզների, համայնքային կենտրոնների նորոգում, մեքենասարքավորումների ձեռքբերում և այլն։

«Այս պահին կարելի է ասել, որ 8 ծրագիր ավարտված է, 12 ծրագիր ընթացիկ փուլում է, 1-ը՝ համալիր փորձաքննության փուլում, մեկ ծրագիր էլ՝ բողոքարկման պրոցեսի մեջ, ևս 5 ծրագիր կիրականացվի արդեն 2024 թվականին։ Ի դեպ, ծրագրեր կան նաև 2022 թվականից տեղափոխված»,-նշեց Կարեն Բադիշյանը՝ տեղեկացնելով, որ թեև 2024 թվականի համար ամբողջական հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, բայց այս պահին էլ մարզի բոլոր համայնքներից ստացված հայտեր կան։

Մարզպետարանի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետի ասելով՝ համայնքները վերջին տարիներին ավելի ակտիվ են մասնակցում սուբվենցիան ծրագրերին։ «Եթե համեմատենք անցած տարիների հետ, տարբերությունն ակնհայտ է՝ սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը 2018 թվականից է տրվել ու մինչև 2023 թվականը հսկայական տեղաշարժ ունենք քանակային, ծավալային ու գումարային առումով։ Աճը պայմանավորված է նաև բնակավայրերի միավորումով՝ նախկինում փոքր բնակավայրերը չէին կարող ծրագրեր ներկայացնել, իսկ միավորման արդյունքում շատ հարցեր համայնքներում արդեն կարող են լուծվել»,-նշեց Կարեն Բադիշյանը՝ կարևորելով այն հանգանամքնը, որ դիտարկվում են միայն այն համայնքների սուբվենցիոն հայտերը, որոնց նախորդ տարվա հարկերի ու տուրքերի վճարները 90 տոկոս և ավելին են, դրանից ցածրի դեպքում հայտի դիտարկումը ենթակա է քննարկման։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում