Միջազգային

OpenAI-ի ներդրողները կարող են իրավական գործընթաց սկսել ընկերության դեմ՝ Սեմ Ալթմանին աշխատանքից ազատելու համար. Reuters

2 րոպեի ընթերցում

OpenAI-ի ներդրողները կարող են իրավական գործընթաց սկսել ընկերության դեմ՝ Սեմ Ալթմանին աշխատանքից ազատելու համար. Reuters

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ OpenAI-ի մի շարք ներդրողներ քննարկում են ընկերության տնօրենների խորհրդի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու հարցն այն բանից հետո, երբ նրանք աշխատանքից ազատել են գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին, ինչի հետևանքով բազմաթիվ աշխատողներ սպառնացել են հեռանալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ ներդրողներն աշխատում են իրավական խորհրդատուների հետ և ուսումնասիրում իրենց գործողությունների տարբերակները։

Առայժմ պարզ չէ՝ արդյոք նրանք դատի կտան OpenAI-ին թե ոչ։ Ներդրողներին մտահոգում է այն, որ իրենք կարող են կորցնել ընկերության մեջ ներդրած հարյուր միլիոնավոր դոլար գումարները։

OpenAI-ն առայժմ չի մեկնաբանել այս լուրը։ Նոյեմբերի 17-ին Սեմ Ալթմանի հեռացումից հետո մինչև նոյեմբերի 20-ը ավելի քան 700 աշխատողներ սպառնացել էին ազատվել աշխատանքից, եթե ընկերությունը չփոխի տնօրենների խորհուրդը։

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ OpenAI-ի հիմնադիր Սեմ Ալթմանն աշխատանքից ազատվելուց 48 ժամ հետո միացել է Microsoft ընկերությանը։ Տնօրենների խորհուրդը 38-ամյա Սեմ Ալթմանին աշխատանքից ազատել էր՝ նշելով, որ նրա հանդեպ վստահությունը կորել է։

Ալթմանը լքել էր Open AI-ի տնօրենների խորհուրդը և գործադիր տնօրենի պաշտոնը։ Ալթմանը համահիմնադրել է OpenAI-ը 2015 թվականին: Նրա ղեկավարությամբ ընկերությունը թողարկել է ChatGPT-ն, որից ամեն շաբաթ օգտվում է գրեթե 100 մլն մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում