Քաղաքականություն

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատին կոչ է անում արգելափակել նախագահ Բայդենի կողմից նոր նշանակումները պետքարտուղարությունում

2 րոպեի ընթերցում

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատին կոչ է անում արգելափակել նախագահ Բայդենի կողմից նոր նշանակումները պետքարտուղարությունում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին՝ խնդրելով արգելափակել ԱՄՆ պետքարտուղարությունում նախագահական այն նշանակումները, որոնք կարիք ունեն Սենատի վավերացման։ Կոչն ուղղվել է ելնելով այն հանգամանքից, որ նախագահ Բայդենը վճռական քայլեր չի ձեռնարկում Արցախի 120․000 բնակչության նկատմամբ ադրբեջանական շրջափակումը վերացնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։

Սույն նախաձեռնության համար համայնքային օժանդակություն ապահովելու նպատակով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն սկսել է համագաղութային արշավ, որը հանձնախմբի հատուկ էլեկտրոնային հարթակների միջոցով թույլ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին հատուկ դիմումներ ուղարկել իրենց նահանգներից ընտրված սենատորներին։

Հայ դատի հանձնախումբը խնդրում է Սենատում արգելափակել ԱՄՆ դիվանագիտական նշանակումները, քանի դեռ ԱՄՆ վարչակազմը չի ձեռնարկել կոնկրետ գործողություններ, մասնավորապես՝

· Առաջնորդել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձև, որը կնախատեսի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դատապարտում, Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Լաչինի միջանցքը բացելուն և Արցախ մատակարարումներ իրականացնելուն ուղղված մեխանիզմների ներդրում։

· Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան նոր կամ ընթացիկ ռազմական և անվտանգային նշանակության օժանդակության դադարեցում և «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի ամբողջական կիրարկում։

· Ամերիկյան հրատապ մարդասիրական օգնության տրամադրում Արցախում ադրբեջանական ագրեսիայից տուժած ժողովրդին, նաև օդային միջանցքի միջոցով։

· Արցախի ցեղասպան շրջափակման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ամերիկյան օրենսդրությամբ սահմանված կարգով՝ պատժամիջոցներ կիրառում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում