ԵՀԽ ՀԿՍ-ն Գեղարքունիքի մարզի Կախակն և Շատջրեք սահմանամերձ համայնքներին տրամադրել մոտ 1,5 մլն դրամի մարզական գույք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ԵՀԽ ՀԿՍ) հիմնադրամը, «Շարժական սոցիալական կենտրոն» ծրագրի շրջանակում, Գեղարքունիքի մարզի Կախակն և Շատջրեք սահմանամերձ համայնքներին տրամադրել մոտ 1,5 մլն դրամ արժողությամբ մարզական գույք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, կառույցի աշխատակիցները գույքի տրամադրումից առաջ Վարդենիս խոշորացված համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացրել են կարիքների գնահատում: Աշխատակիցները պարզել են, որ համայնքներում գործում են բռնցքամարտի խմբակներ, սակայն կա մարզական գույքի համալրման կարիք:

«Համայնքների ոգևորված և խանդավառված երեխաները մեծ սիրով են ընդունել գույքը: Կախակնի և Շատջրեքի բնակիչները հույս են հայտնել, որ նոր գույքը կոգևորի նաև հարևան մյուս համայնքների երեխաներին, որոնք նույնպես կսկսեն հաճախել իրենց խմբակներ:

Ծրագիրն իրականացվել է ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն