Ոստիկանությունը Փարիզի տարածաշրջանում 1,5 տոննա հրատեխնիկա է առգրավել անկարգությունների սկսվելուց ի վեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ոստիկանությունը 1,5 տոննա հրատեխնիկա է առգրավել մայրաքաղաքի Իլ դը Ֆրանսի տարածաշրջանում` ոստիկանի կողմից դեռահասի սպանությունից հետո երկրում ծայր առած անկարգություններից ի վեր: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։

Նշվում է, որ հրավառելիքն առգրավվել է հունիսի 28-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Բացի դրանից, ինչպես նշում է Cnews հեռուստաալիքը, իրավապահ մարմիների աշխատակիցները 54 հազար հրատեխնիկական իրեր են առգրավել Բեզանսոնում (Դուի դեպարտամենտ)։

Հուլիսի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տուժած կոմունաների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ անկարգությունների վերելքն անցել է։ Իր հերթին ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հուլիսի 5-ին արձանագրել էր, որ երկրի ամբողջ տարածքում իրադրությունը վերադարձել է բնականոն հուն։

Ֆրանսիայում բողոքի ալիք է բարձրացրել հունիսի 27-ին ոստիկանության կողմից 17-ամյա դեռահաս վարորդի սպանությունը։ Տղան հրաժարվել էր ենթարկվել ոստիկաններին և մեքենայով հեռացել էր, սակայն ոստիկաններից մեկը կրակել էր նրա վրա, և նա ստացած վնասվածքներից մահացել էր։

Հայերեն