ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հյուրընկալել է բալետի հանրաճանաչ պարուհի, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նինո Անանիաշվիլիին:
Թատրոնները նախատեսում են համագործակցել՝ նոր որակ, նոր շունչ ստանալու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը դիրիժոր, Երևանի օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն ասաց՝ համագործակցությունը համաշխարհային բալետի ամենահայտնի դեմքերից մեկի՝ Նինո Անանիաշվիլիի հետ, շատ կարևոր է:
«Առաջիկայում մեր բալետի արտիստները մեկ շաբաթով կմեկնեն Թբիլիսի՝ վարպետության դասերի մասնակցելու նպատակով: Դա անվճար է լինելու, որովհետև բալետային արվեստի ներկայացուցիչները փորձում են աջակցել միմյանց»,-նշեց նա:
Դուրգարյանը խոստովանեց՝ բալետի խնդիրները մեր երկրում այնքան շատ են, որ ստիպված են արագ քայլերով այդ հարցերը լուծել: «Երևանի պարարվեստի ուսումնարանում տղա ուսանողների բաց կա, ինչը նաև օպերային թատրոնում է բաց ստեղծում: Բացը պետք է լրացնել լավագույն մասնագետների շնորհիվ: Ես հույս ունեմ, որ այն նախագծերը, որոնք մենք իրականացնելու ենք Նինո Անանիաշվիլիի հետ, արդյունք կտան, և մենք այս տարի արվեստասերներին կզարմացնենք նոր ներկայացմամբ»,-ընդգծեց Կարեն Դուրգարյանը:
Նինո Անանիաշվիլին երկրորդ անգամ է Հայաստանում, սակայն օպերային թատրոնի արտիստների հետ աշխատելու հնարավորություն չի ունեցել: Նա շնորհակալ է Թբիլիսիի, Մոսկվայի ու ԱՄՆ-ի իր բոլոր մանկավարժներին այն գիտելիքների համար, որոնք ձեռք է բերել, և որոնք կարող է փոխանցել գալիք սերունդներին, քանի որ նրանք բալետային հրաշալի արվեստի շարունակողներն են:
«Դուք տաղանդավոր ժողովուրդ եք և շատ լավ տվյալներով պարողներ ունեք, իսկ հմտությունները զարգացելու գործում մեծ դեր կարող են խաղալ մանկավարժները, խաղացանկը»,-նշեց պարուհին ու հավելեց՝ եթե իրենց թատրոնում եվրոպական կամ ռուսական որևէ բալետային ներկայացում են բեմադրում, անպայման այդ դպրոցների ներկայացուցիչների են հրավիրում, որպեսզի արտիստները նրանցից սովորեն:
«Բալետը բարդ արվեստ է, և շատերը խուսափում են բալետով զբաղվել, սակայն, եթե կարողանում ես հաղթահարել դժվարությունները, բարձունքներ կարող ես նվաճել և վայելել բալետի լեզուն, որը միջազգային է ու սահմաններ չունի»,-ընդգծեց Անանիաշվիլին:
Անանիաշվիլիին քննադատները համարել են դասական բալետի անվիճելի գերաստղ: Նա կարծում է, որ բալետային արվեստում բարձունքների հասնելու համար ոչ միայն լավ դպրոց, այլև բնատուր տվյալներ, խելք ու համբերատարություն է անհրաժեշտ: «Ճիշտ չէ այն պնդումը, որ բալետում կարևորը գեղեցիկ ոտքերն են. պետք է նաև խելք, համբերատարություն, ինչի շնորհիվ հնարավոր է հաղթահարել դժվարությունները: Ե՛վ ծնողներս, և՛ մանկավարժներս հարցնում էին, թե կարո՞ղ եմ համբերատար լինել, և ես պատասխանում էի, որ կարող եմ: Ասում էին, որ մեկնելով Մոսկվա՝ ես վերջինն եմ լինելու: Երբ մեկնեցի, հասկացա, որ վերջինը չեմ, ուստի ցանկացա ավելի լավը դառնալ: Ներքին ուժ է պետք ու մանկավարժների, ծնողների աջակցությունը»,-վստահեցրեց պարուհին, որն ավելի քան քսան տարի պարել է Ռուսաստանի Մեծ թատրոնում, սակայն կարողացել է ապացուցել՝ հնարավոր է մնալ հարազատ թատրոնում, սակայն փայլել նաև այլ բեմերում:
«Ես միշտ սիրով եմ վերադարձել նաև Թբիլիսիի թատրոն, որտեղ ելույթ ունենալն այլ զգացում է: Անհնար է փոխանցել այն ապրումները, որոնք ունենում էի իմ ժողովրդի առջև ելույթ ունենալիս»,-եզրափակեց Նինո Անանիաշվիլին:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի