ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Հայաստանում Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիները հաշվառել են համապատասխանաբար 1907 և 20 ԱՁ-ներ (անհատ ձեռներեց), ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ գրանցվել են նաև ՍՊԸ-ներ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն): «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ՌԴ-ի քաղաքացիների և/կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ այս տարվա փետրվարի 24-ից մինչև մայիսի 17-ը գրանցվել է 1011 ՍՊԸ: Թվով 1907 քաղաքացիներ հաշվառվել են որպես Ա/Ձ։
Ուկրաինայի քաղաքացիների և/կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ փետրվարի 24-ից մայիսի 17-ը գրանցվել է 20 ՍՊԸ, և թվով 20 քաղաքացիներ հաշվառվել են որպես Ա/Ձ։
Իսկ ինչ վերաբերում է նրանց տնտեսական գործունեության ոլորտին, ապա նախարարությունից տեղեկացրել են, որ առավել հաճախ, որպես գործունեության տեսակ, ընտրված է ծրագրային ապահովման մշակում, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն։
Աննա Գրիգորյան