Արարատի մարզպետարանը հայտնաբերել է անասնապահության աջակցության ծրագրում անհարկի ընդգրկվելու դեպքեր

12:14, 20 Դեկտեմբեր, 2019

ԱՐՏԱՇԱՏ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արարատի մարզպետարանը կատարած ուսումնասիրության արդյունքում Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրում քաղաքացիների կողմից հայտնաբերել է չարաշահումներ` ծրագրում անհարկի ընդգրկվելու դեպքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Այս տարի մարզում և հանրապետությունում ներդրվել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագիրը, որով մեր հայրենակիցներին տրամադրվում է մեկ գլուխ կով կամ խոզ, որով պետք է զարգացնի իր տնտեսությունը: Մեր մարզում ունենք 60 շահառու` 20-ական ամեն տարածաշրջանից: Մեկ շաբաթ առաջ սկսեցին մանրամասն ուսումնասիրել այդ շահառուների ցուցակը և պարզվեց, որ Մասիսում և Արարատում ունենք խնդիրներ: Ընդգրկված այնպիսի քաղաքացիներ ունենք, որոնք ունեն մեծ թվով անասնագլխաքանակ, այսինքն՝ իրենց կարելի է համարել մեծ ֆերմերներ, և իրենք դիմել են մեկ կենդանինով իրենց ֆերման հարստացնելու և ծրագրին մասնակցելու համար»,-ասաց մարզպետն ու հավելեց` սա շատ անընդունելի է համարում:

Սարգսյանը նշեց` ամենայն հավանականությամբ Մասիսի և Վեդիի ՍԱՏԳ (Սոցիալական աջակցության տարածքային գրասենյակ) պետերի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի: Մարզպետը չցանկացավ մինչ ծառայողական քննութան ավարտը անուններ հնչեցնել: Նա նկատեց` փաստորեն իրենց աշխատակազմում գործող անձինք կամ սրտացավություն, հետևողականություն չեն ցուցաբերել և պատշաճ տնայցեր չեն կատարել` հասկանալու` արդյոք արժե՞ այդ քաղաքացիներին կով տալ, կամ էլ միգուցե հանցավոր համաձայնության են եկել շահառուների հետ: Սակայն դա կպարզի ծառայողական քննությունը: Մարզպետը վստահեցրեց, որ հետևողական են լինելու` շահառուների այդ ցուցակները մաքուր, պատշաճ տեսքով նախարարությանը ներկայացնելու համար:


© 2009 ARMENPRESS.am