900․000 եվրո դրամաշնորհ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների համար

17:14, 18 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեֆ Ջիակոմինիին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Էրիկ Գրիգորյանն ու Ջեֆ Ջիակոմինին քննարկել են համատեղ ծրագրերի արդյունքները։  Պարոն Ջիակոմինին իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարված ու ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։ 

Նախարար Գրիգորյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանի կառավարությունն էականորեն ավելացրել է անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսավորումը, իսկ հաջորդիվ՝ խոշորածավալ ծրագրեր են նախատեսվում անտառվերականգնման ոլորտում։

Ջեֆ Ջիակոմինին տեղեկացրել է նաև, որ Կովկասի բնության հիմնադրամը 2020 թվականին Հայաստանին կտրամադրի շուրջ 900․000 եվրո դրամաշնորհ։ Գումարը հիմնականում կուղղվի  բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարներին և այլ ընթացիկ ծախսերի համաֆինանսավորմանը։

 

 


© 2009 ARMENPRESS.am