Հայաստանը թավշյա հեղափոխությունից 1.5 տարի անց. ռուսական Эксперт ամսագրի անդրադարձը

16:23, 18 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Эксперт ամսագիրը ծավալուն հոդվածում անդրադարձել է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկրում տիրող իրավիճակին, հայ-ռուսական հարաբերություններին, նոր կառավարության գործունեության արդյունքում գրանցված տնտեսական ցուցանիշներին:

«Հայաստանում մինչև այս պահը հետհեղափոխական զարգացումներ են: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում: Ավելի ուշ՝ դեկտեմբերին, Փաշինյանը վերահաստատեց իր լիազորությունները. խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը հաղթեց՝ հավաքելով ընտրողների ձայների 70.43 տոկոսը: Այսօր նա հսկայական աջակցություն ունի՝ չնայած վարկանիշները պարբերաբար նվազում են, և դա հասկանալի է, քանի որ չի ստացվելու արագ կյանքի կոչել բոլոր խոստումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հոդվածում:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ հոդվածագիրն ընդգծում է, որ  հեղափոխության ալիքի վրա հատկապես ռուսական լրատվամիջոցները Փաշինյանին գրեթե համարում էին ամերիկյան «նախագիծ», իսկ հետո ավելի հարգալից՝ բազմավեկտոր քաղաքական գործիչ: «1.5 տարվա ընթացքում Փաշինյանը պաշտոնական այցով Մոսկվայում չի եղել՝ չնայած աշխատանքային այցերով Մոսկվայում եղել է ոչ մեկ անգամ, օրինակ, ԵԱՏՄ-ի շրջանակներում: Փոխարենը և՛ Բրյուսելում, և՛ հարևան Թբիլիսիում, և՛ Թեհրանում Փաշինյանին արդեն ընդունել են: Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան, կարծես, պլանավորված է 2020 թվականի առաջին կեսին, իսկ Վլադիմիր Պուտինն այս աշնանն այցելեց Երևան և կառուցողական շփում ունեցավ հայ գործընկերոջ հետ: Այնպես որ, պետք չէ խոսել հարաբերություններում առկա ճգնաժամի մասին, իսկ բազմավեկտորության մասին, այո, դա նոր երևույթ է, որը սահմանում է Մոսկվայի և Երևանի միջև երկխոսությունը: Մի կողմից Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն աշխատում է ամերիկյան կողմի հետ (ինչպես նրա նախորդները): Նախևառաջ, ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, երկրորդ՝ ԱՄՆ-ում ծայրաստիճան ազդեցիկ է հայկական լոբբին, որը կարողանում է՝ հասնել Հայաստանի համար ԱՄՆ-ի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական աջակցությանը: Իսկ սփյուռքի հետ կապված Փաշինյանը հատուկ հաշվարկ ունի: Մյուս կողմից, Մոսկվան վարում է ակտիվ և հաջող գեոքաղաքականություն Կասպյան տարածաշրջանում և շահագրգռված է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ ամուր գործընկերային հարաբերություններով, ինչը հայ-ռուսական բարեկամության համար ոչ հաճելի գործոն է»,- ասված է հոդվածում:

Հոդվածագիրը մեջբերում է քաղաքագետներին, ովքեր ընդգծում են, թե Ռուսաստանի լավագույն աջակցությունն այն է, որ հեղափոխության ժամանակ չի խառնվել Հայաստանի ներքին գործերին՝ հավելելով, որ ՌԴ-ն Հայաստանի ներքին գործերին չի խառնվում նաև հեղափոխությունից հետո:

Հոդվածում ծավալուն անդրադարձ կա նաև Հայաստանի նոր կառավարության գործունեության արդյունքում արձանագրված տնտեսական ցուցանիշներին: Նշվում է, որ 2019 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 7.5 տոկոս՝ չնայած նախորդ տարվա քաղաքական ցնցումներին և վերնախավի փոփոխությանը: Արդյունաբերական արտադրանքն աճել է գրեթե 10 տոկոսով, իսկ ստվերային տնտեսությունը մեկ տարվա ընթացքում նվազել է՝ 25 տոկոսից հասնելով 22 տոկոսի:


© 2009 ARMENPRESS.am