Պետբյուջեով ֆինանսավորվող ֆիլմերի 45 տոկոսը դեբյուտային նախագծերն են. Արա Խզմալյան

15:14, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆիլմարտադրությանը հատկացվող պետական բյուջեի  շուրջ 45 տոկոսը  տրամադրել է դեբյուտային ծրագրերին, ինչը վկայում է  երիտասարդ ստեղծագործողների շրջանում պետական կառույցի հանդեպ վստահության մակարդակի բարձրացման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Ես հուսադրված եմ կինոյի ոլորտի աշխատաոճով. կինոյի ոլորտի ներկայացուցիչները ոչ թե իրենց հատկացվող ֆինանսավորման ավելացման հարց դրեցին, այլ ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով գնացին ու բարձրացրին օրենքի նախագիծ ունենալու խնդիրը։ Կինոյի մասին օրենքի` այժմ երկու նախագիծ կա, որոնք պետք է համադրել ու մեկ փաթեթով մտնել Ազգային ժողով»,-ասաց փոխնախարարը։

Խզմալյանի խոսքով` կինոգործիչների ընտրած ճանապարհը պետք է օրինակելի լինի մյուս ոլորտի ներկայացուցիչների համար։ Փոխնախարարը նշեց նաև, որ հաջորդ տարի թվայնացման մասնագետներ կհյուրընկալվեն Հայաստանում: «Հայաստանը պետք է մշակի կինոժառանգության պահպանման ու դրա հանրայնացման ծրագիր»,-շեշտեց փոխնախարարը։

Հարցին, թե ի՞նչ է լինելու «Հայֆիլմ»-ի ճակատագիրը, Խզմալյանը պատասխանեց, որ այն չի կարող ունենալ այն անցյալը, որն ունեցել է։ «Աշխարհը վաղուց այլ ճանապարհով է գնում, և պետությունը չի զբաղվում կինոարտադրությամբ։ «Հայֆիլմ»-ի շենքն ու տարածքը պետք է առանձնացնենք «Հայֆիլմ» բրենդից»,-ընդգծեց նա:

 Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է` ընկերության տարածքը սեփականաշնորհվի ու ոչ ֆիլմարտադրության համար օգտագործվի, Խզմալյանը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է։

 


© 2009 ARMENPRESS.am